Բաղրամյան պողոտայում, Ազգային ժողովի մոտ, այսօր՝ նոյեմբերի 21-ին, ավտոմեքենաներից մեկը բռնկվել է ընթացքի ժամանակ:

Այս առնչությամբ, ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Նոյեմբերի 21-ին, ժամը 12:01-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:16-ին, մարվել՝ 12:21-ին:

Այրվել է «Mercedes E» մակնիշի 34 TN 239 համարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Գ.) ամբողջությամբ եւ ջերմահարվել՝ «Nissan March» մակնիշի 61 SZ 600 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ Ռ. Ս.) բեռնախցիկի հատվածը:

Պարզվել է՝ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել ընթացքի ժամանակ:

Ընթանում է հետաքննություն հրդեհի առաջացման պատճառները պարզելու համար. նշանակվելու է հրդեհատեխնիկական եւ ապրանքագիտական փորձաքննություն: