2018 թվականին  ՌԴ կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների վերահսկիչ ծառայությունը կստուգի՝ արդյոք Facebook սոցիալական ցանցը  համապատասխանում է օրենսդրությանը: Այդ մասին հայտարարել է ծառայության ղեկավար Ալեքսանդր Ժարովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա ավելացրել է, որ «վերահսկողական գործողություններ» «ցանկացած դեպքում» տեղի կունենան՝ չնայած ընկերության  ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Նրանք մտադիր են դեկտեմբերի վերջին կամ հաջորդ տարվա հունվարի սկզբին Ռուսաստան գալ:

 «Օրը դեռ չի սահմանվել, բայց մենք տրամադրված ենք շուտ հանդիպել», - Մոսկվայում կայացած «Ռադիոն՝ գլոբալ մեդիա մրցակցությունում» միջազգային համաժողովում ասել է Ժարովը:

Սեպտեմբերին Ժարովը զգուշացրել էր, որ Facebook-ը Ռուսաստանում կփակվի, եթե ընկերությունը անձնական տվյալների պահպանության մասին օրենքին չհետեւի:

Այս օրենքը պարտավորեցնում է ռուսաստանցիների անձնական տվյալները երկրի տարածքում պահպանել: Ծառայությունը օրենքը խախտող կայքերին հատուկ ռեեստրում է ներառում  եւ հետագա պահանջները չկատարելու դեպքում՝ արգելափակում:

Անցյալ տարի ծառայույունը արգելափակել էր LinkedIn-ը: