Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին Բեյրութի իր նստավայրի մոտ հավաքվածներին ասել է, որ իր պաշտոնում կմնա հանուն նրանց հետ միասին  երկրի կայունության եւ արաբական ինքնության «պաշտպանության գծի», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես ձեզ հետ կմնամ եւ կշարունակեմ ձեզ հետ գործել, որ մենք դառնանք Լիբանանի կայունության եւ արաբական ինքնության պաշտպանության գիծը»,- իր կողմնակիցներին ասել է Հարիրն:

Դիմելով հավաքվածներին՝ սուննի քաղաքական գործիչը շեշտել է, որ նրանց հետ միասին ներկայացնում է «կենտրոնի, չափավորության եւ կայունության» ուժերը եւ իրենց կարգախոսը կդառնա՝ «Լիբանանն առաջին հերթին»:

Հարիրին Բեյրութ է վերադարձել չորեքշաբթի՝ առաջին անգամ նոյեմբերի 4-ին Էր Ռիադում իր  հրաժարականի մասին անսպասելի հայտարարելուց հետո: Վերադառնալուց եւ Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ հանդիպելուց հետո նա հայտնել է, որ միտքը փոխել է եւ համաձայն է հրաժարականը հետաձգել: