Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը հերքում է եկող շաբաթ սպասվող՝ իր պաշտոնանկության մասին լուրը: «Այս պահի դրությամբ այդպիսի բան չկա, եթե կա էլ, ես տեղյակ չեմ: Ես շարունակում եմ պաշտոնավարել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Շահգալդյանը: Նա նաեւ կես կատակ-կես լուրջ առաջարկեց. «Ինչու՞ եք շտապում, եկող շաբաթը շատ հետու չի, սպասեք, կազատեն, նոր այդ ժամանակ լրատվություն կզետեղեք ձեր էջում»:
Կոտայքի մարզպետը նշեց, որ կադրային փոփոխությունների հարցը քննարկվել է անցյալ շաբաթ տեղի ունեցած ՀՀԿ խորհրդում, որի անդամ է նաեւ ինքը: «Իմ պաշտոնանկության մասին հարցը չի քննարկվել: Կլինի այդպիսի քննարկում, կիմանաք»,- նշեց նա:
Հարցին, թե ի՞նչ նպատակով են տեղի ունենում կառավարությունում կադրային փոփոխությունները, Շահգալդյանը նշեց. «Հենց այնպես փոփոխություններ չեն արվում: Այդ փոփոխությունները կշռադատված, քննարկված, համաձայնեցված որոշման արդյունք են»:
Ըստ մարզպետի՝ կառավարությունում տեղի ունեցող փոփոխությունները միտված չեն կառավարությունը առողջացնելուն, «քանի որ կառավարությունն առողջ է»: «Փոփոխություններն արվում են պրոֆեսիոնալ պարտականությունների կատարման հիմքով: Գիտեք, թե ինչո՞ւ ազատվեց արդարադատության նախարարը»,- նկատեց Շահգալդյանը եւ հավելեց, որ «հետեւություններ կարվեն ԴԱՀԿ-ի պետ Միհրան Պողոսյանի ուղղությամբ, որի պատճառով էլ պաշտոնանկ արվեց արդարադատության նախարարը»:





























