ՄԱԿ-ում Լիբանանի հարցով համակարգող է դարձել Դանիայից Պերնիլ Կարդելը, համապատասխան նշանակումը կատարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, հայտնել են համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կարդելը կփոխարինի հոլանդուհի Սիգրիդ Կաագին, որի լիազորություններն ավարտվել են հոկտեմբերի 26-ին: Մինչ այս Կարդելը Աֆղանստանում ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցչի տեղակալն էր:

Լիբանանում իրավիճակը սրվել է, երբ նոյեմբերի 4-ին Էր Ռիադում Հարիրին անսպասելի հայտարարել էր հրաժարականի մասին, «Հիզբոլլահ» շիական շարժմանը եւ Իրանին մեղադրել  Լիբանանում եւ արաբական աշխարհում երկպառակություն սերմանելու մեջ ու հայտարարել իր դեմ պատրաստվող մահափորձի մասին: Իրանի ԱԳՆ-ն Հարիրիի մեղադրանքներն ահիմն էր որակել: «Հիզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահը հայտարարել էր, որ Հարիրիի հրաժարականի պատճառները պետք է  որոնել Սաուդյան Արաբիայում, եւ նա հավանաբար Էր Ռիադում բռնությամբ է պահվում:

Չորեքշաբթի Լիբանան վերադառնալուց հետո Հարիրին Բեյրութում իր նստավայրի մոտ հավաքվածներին ասել էր, որ իր պաշտոնում կմնա հանուն նրանց հետ միասին երկրի կայունության եւ արաբական ինքնության «պաշտպանության գծի» ստեղծման: