Աղվերանում դեկտեմբերի 18-ին մեկնարկեց ՏՀՏ լիդերների առանց փոխկապի հանդիպում- ֆորումը: Այս անգամ ֆորումի քննարկման թեման է էլեկտրոնային առեւտրի զարգացման հիմնախնդիրները Հայաստանում:

Մինչեւ վերջերս Հայաստանում էլ. առեւտրի մասին խոսելը դեռեւս վաղ էր`համակարգիչների եւ ինտերնետի վատ վիճակով պայմանավորված, սակայն, վերջին շրջանում բեկումնային փոփոխություններ են կատարվել՝ համակարգիչների եւ ինտերնետի շուկայում, եւ այժմ Հայաստանում զգալի առաջընթաց կա այս ուղղությամբ, ուստի էլեկտրոնային առեւտրի խնդիրները քննարկելու ճիշտ ժամանակն է: Այս մասին ֆորումի բացման իր խոսքում ասաց «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» նախագահ Հովհաննես Ավոյանը: Նրա խոսքով՝ էլեկտրոնային առեւտուրը կարող է Հայաստանում լուրջ մրցակցային առավելություններ ստեղծել:

«Հայաստանում այժմ լուրջ անելիքներ ունենք»,- ասաց Հ. Ավոյանը՝ նշելով հատկապես էլ. առեւտուր իրականացնելու խնդիրների լուծման ճանապարհների որոնումը եւ հանրությանը էլ. առեւտրի մասին իրազեկելու եւ սովորեցնելու կարեւորությունը:

Հանդիպում- ֆորումը կազմակերպվել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկություների միությունը` ՀՀ կառավարության եւ ԱՄՆ ՄԶԳ «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի աջակցությամբ։ Ֆորումին մասնակցում են շուրջ 70 մասնակիցներ` հայաստանյան բանկերի եւ փոստային բաժանմունքների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարներ:

Տեղեկացնենք, որ «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը կազմակերպվում է 2007թ.-ից եւ նպատակ ունի մեկ վայրում հավաքել մասնավոր եւ պետական հատվածների ներկայացուցիչներին եւ ոչ ֆորմալ մթնոլորտում քննարկել ՏՀՏ ոլորտին առնչվող առաջնային խնդիրները: