Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` նոյեմբերի 24-ին, զինված խմբի գործով նիստին ամբաստանյալներից Վահան Շիրխանյանը հայտարարեց, որ ցավեր ունի եւ չի կարող մասնակցել նիստին:
«Ես երկու ժամից ավելի չեմ կարող նստել աթոռին, ցավեր ունեմ եւ չեմ կարող մասնակցել նիստին, խնդրում եմ ինձ ազատել նիստին մասնակցելու պարտավորությունից»,-ասաց նա:
Նիստը նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը նշեց, որ դատարան համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացվել եւ դատարանն այս պահին չի կարող քննարկել այդ հարցը: Դատավորի խոսքով, անհրաժեշտության դեպքում կարող են շտապօգնություն դատարան հրավիրել: Դատարանի այս պատասխանին Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանն արձագանքեց. «Բժշկական փաստաթուղթ այս մասով չէր կարող ներկայացված լինել, քանի որ Վահան Շիրխանյանի ցավեր ունենալու վերաբերյալ նախապես չի իմացել եւ համապատասխան փաստաթուղթ հնարավոր չէր կազմել»:
Դատավոր Արմեն Բեկթաշյանը որոշեց շարունակել նիստը, հետազոտվում են մեղադրանքի ապացույցները:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:




























