Բրիտանացի ուսանողուհի Սառա Լեգը դեկտեմբերի 17-ին ճաշել է քոլեջում, վճարել է եւ մանր ստացել։ Առաջին հայացքից ոչ մի տարօրինակ բան, եթե, իհարկե, հաշվի չառնենք մի հանգամանք։ Մանրադրամների մեջ աղջիկը մետաղադրամ է գտել... ապագայից։ Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, 50 պենսանոցի վրայի գրությունը վկայել է դրա՝ 2011 թվականին հատված լինելու մասին։

«Ես դրամի վրա ուշադրություն դարձրեցի, քանի որ այն շատ նոր էր երեւում եւ փայլում էր։ Ուշադիր նայելով դրան՝ տեսա, որ այն հատվել է 2011 թվականին»,- նշել է Լեգը։

Ուսանողոuհու խոսքով, ինքը պատրաստվում է մոտ ժամանակներս կոլեկցիոներներին վաճառել մետաղադրամը եւ այդ գումարով վճարել ուսման վարձը, հայտնում է Lenta.ru-ն։

Մեծ Բրիտանիայի թագավորական դրամատանը պարզաբանել են, որ «ապագայի»  դրամները խիստ հազվադեպ են հայտնվում սովորական փողերի մեջ։ Դրամատնից հայտնել են նաեւ, որ 2011 թվականին թվագրված փողերը թողարկվել են դեռ 2010 թվականի հոկտեմբերից։

Ուսանողոuհու մետաղադրամը անսովոր է ոչ միայն նրա համար, որ «ապագայից» է, այլ նաեւ նրանով, որ 2012 թվականին Լոնդոնում կայանալիք Օլիմպիադային նվիրված սերիայից է։