Կառավարող հզոր կուսակցության առկայությունն ապահովում է ներքին քաղաքական կայունություն, ինչը շատ կարեւոր է: Առանց այդ կայունության չի կարող լինել տնտեսական առաջընթաց, ուրեմն եւ՝ ապագա: Բայց այսօր ես տեսնում եմ մեկ այլ վտանգ: Չափազանց կայուն վիճակը կարող է բերել կարծրացման, դինամիկայի թուլացման. կանգնած ջրերը որպես կանոն ճահճանում են: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը ՀՀԿ 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին ունեցած իր ելույթում:
Սերժ Սարգսյանն անդրադարձ է կատարել կուսակցության պատմությանն ու անցած ուղուն:
«Այսօր մենք նշում ենք մեզ համար թանկ մի հոբելյան՝ Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադրման 20-րդ տարեդարձը:
Հանրապետական կուսակցության հիմնումը 1990 թվականին բացառիկ իրադարձություն էր Հայաստանի քաղաքական կյանքում: Այդ ժամանակ կուսակցության հիմնադիր ղեկավարի՝ Աշոտ Նավասարդյանի նկարագիրը՝ իբրեւ ազատության մարտիկ եւ իբրեւ գործիչ, ինչպես նաեւ նրա քաղաքական կենսագրությունը դեռ քչերին էին հայտնի: Նոր իրավիճակում ստեղծվում էր նոր կուսակցություն, որ կոչված էր թարմ շունչ եւ նոր բովանդակություն հաղորդել մեր քաղաքական դաշտին: Մի կողմից սա վկայությունն էր ազգային պայքարի անընդհատության ու շարունակականության, այսինքն՝ ժառանգականության, մյուս կողմից կազմակերպական ձեւ էր առնում արդի մարտահրավերներին դիմագրավելու մեր կամքն ու վճռականությունը:
Լինելով բացառապես խաղաղ եւ սահմանադրական պայքարի կողմնակից՝ մեր կուսակցությունն իր հիմնադրման օրից ուներ հայության ինքնապաշտպանության զինված պայքարի անհրաժեշտության գիտակցությունը: Ակնհայտ էր, որ մեր ժողովրդին եւ հատկապես նրա արցախյան հատվածին պարտադրվում է պատերազմ, ակնհայտ էր, որ պատերազմը դառնում է անխուսափելի: Մեր կուսակցությունն այն ուժերից էր, որ պատրաստ էր նաեւ դրան՝ ի դեմս Անկախության բանակի եւ նրա անձնուրաց մարտիկների: Ճակատագրական պահին ողջ հայ ժողովրդի հետ մենք ելանք ազատամարտի, եւ դրանում իր նշանակալի ներդրումն ունեցավ նաեւ Հանրապետական կուսակցությունը»,- արձանագրել է Սերժ Սարգսյանն եւ հավելել. «Անկախ կուսակցական պատկանելությունից` մենք միշտ եւ անընդհատ մեծարում ու գլուխ ենք խոնարհում բոլոր մեր նահատակների հիշատակին, ում շնորհիվ արդեն ունենք բոլորովին ուրիշ Հայաստան եւ բոլորովին ուրիշ Արցախ: Փա՛ռք բոլոր անհմահ հայորդիներին»:
Նախագահը նշել է, թե իրենք հպարտ են, որ կուսակցությունը տարբեր տարիների ղեկավարել են հայ ժողովրդի այնպիսի արժանավոր զավակներ, ինչպիսիք են Աշոտ Նավասարդյանը, Վազգեն Սարգսյանը եւ Անդրանիկ Մարգարյանը, որոնց առաջնորդությամբ կուսակցությունը կայացել է, ստացել ժողովրդի վստահությունը եւ ստանձնել առանցքային դերակատարություն երկրի կառավարման գործում:
«Աշոտ Նավասարդյանը հույսի, հույզի եւ էներգիայի մարմնացում էր: Այն ժամանակ, երբ շատերն անգամ հոգու խորքում չէին կարող փայփայել անկախ պետականություն ունենալու հույսը, նա բաց քարոզում էր այդ վեհ նպատակը: Նա ընդդիմացավ մի համակարգի, որը համարվում էր ահազդու եւ անխաթար: Աշոտ Նավասարդյանն ուներ երազանք եւ ուներ նպատակ. նպատակ, որն այսօր իրականություն է` Հայաստանի անկախ պետականության վերականգնումը: Հանուն այդ նպատակի նա վտանգեց իր բարեկեցությունը, զոհաբերեց իր ընտանիքի հանգիստը, կրթություն ստանալու իր հնարավորությունը: Նրա ու նրա զինակիցների շնորհիվ է նաեւ, որ պահպանվեց հայոց ազատատենչ ոգին, եւ մենք հնարավորություն ունեցանք հաստատելու Հայաստանի երրորդ Հանրապետությունը:
Վազգեն Սարգսյանը հայոց նորագույն պատմության ամենավառ կերպարներից էր: Նա չխուսափեց պատասխանատվությունից ամենածանր պահերին` առաջ գալով եւ ցուցաբերելով իսկական առաջնորդի հատկանիշներ: Վազգենն այն մարդն էր, ով չընդունեց մեր հայրենիքի անքակտելի մասը` Արցախը, կրկին Ադրբեջանի իշխանությունների կամայականությունների պատանդ դարձնելու հավանականությունը: Այդ ժամանակ առկա տարբերակների ընտրությունը շատ հստակ էր, եւ Վազգենը կայացրեց իր միանշանակ ու վճռական որոշումը: Այսօր մենք պատասխանատվություն ենք կրում Վազգենի հիշատակի առաջ: Այսօր մենք պատասխանատվություն ենք կրում մեր պատմության ճակատագրական պահերին նրա եւ մեր բոլորի կատարած ընտրության համար»,- նշել է Սերժ Սարգսյանն ու հավելել. «Մեր կազմակերպության համար երրո՛րդ նվիրական անունը պետք է տամ` վարչապետ Անդրանիկ Մարգարյանին հիշելով: Նա համաձայնություն կերտելու, դժվարությունները հարթելու եւ ազգային նպատակներն առաջ մղելու գործում Հայաստանի ամենանվիրյալ հայրենասերներից էր: Նրա մղումներն ազնիվ էին, նրա շուրջ տիրում էր համաձայնություն, քանի որ Անդրանիկ Մարգարյանը բոլորին վարակում էր իր մարդասիրությամբ եւ հայրենասիրությամբ: Չի եղել որեւէ դեպք, որ իր հետ փորձեն կիսվել գաղափարով կամ նախաձեռնությամբ, եւ նա չարձագանքի, չփորձի հասկանալ ու գնահատել, օժանդակել այն իրականացնելու գործին: Անդրանիկ Մարգարյանը պետական գործիչ էր՝ բառի բուն իմաստով եւ իր գործունեությամբ կարողացավ դառնալ այն հենասյունը, որի շուրջ ամրանում էր պետական մտածողությունն ու պետականամետ գործելաոճը»:
Սերժ Սարգսյանը նշել է, որ երեք առաջնորդների կորուստը ծանր է եղել բոլորի համար:
«Հոբելյանները լավ առիթ են՝ անցած ճանապարհն արժեւորելու, իսկ երբեմն՝ վերագնահատելու համար: Մեր ուղին եղել է այնքան դժվար, որքան դժվար է եղել Հայաստանի ուղին: Մեր կուսակցության երկու տասնամյակների կենսագրությունն անբաժանելի է մեր ժողովրդի կենսագրությունից: Հայաստանի հաղթանակներն ու պարտությունները, ձեռքբերումներն ու սխալները մերն են: Ո՛չ թե որովհետեւ Հայաստանը մերն է, այլ որովհետեւ մենք Հայաստանինն ենք՝ մեր կյանքով ու մեր ողջ գործունեությամբ ենք Հայաստանինը:
Կառավարող հզոր կուսակցության առկայությունն ապահովում է ներքին քաղաքական կայունություն, ինչը շատ կարեւոր է: Առանց այդ կայունության չի կարող լինել տնտեսական առաջընթաց, ուրեմն եւ՝ ապագա: Բայց այսօր ես տեսնում եմ մեկ այլ վտանգ: Չափազանց կայուն վիճակը կարող է բերել կարծրացման, դինամիկայի թուլացման. կանգնած ջրերը որպես կանոն ճահճանում են: Մենք նոր հեծանիվ չենք հորինելու: Այս հիվանդությունն ունի շատ պարզ դեղատոմս՝ ժողովրդավարության խորացում, քաղաքական երկխոսության ակտիվացում, զարգացման ծրագրերի մշակման նոր եռանդ եւ եվրոպական չափանիշների հետեւողական ներմուծում մեր պետական, հասարակական ու տնտեսական կյանքի բոլոր ոլորտներ: Շեշտում եմ՝ դա պետք է արվի առանց բացառությունների եւ վերապահումների»,- նկատել է նախագահը:
«Մի կողմից մենք պետք է բացառենք հեղափոխական ցնցումները, որ ոչ մի երկրի բարօրություն չեն բերել երբեք, մյուս կողմից մենք պետք է բացառենք տեղում դոփելու վտանգը, պետք է նոր բարձր տեմպ հաղորդենք մեր քայլերին: Մեր ճանապարհը ոսկե միջինն է: Եթե նախորդ երկու տասնամյակներին խոսվում էր ինչ-ինչ հարցերում մեր հասարակության անպատրաստ լինելու մասին (ի դեպ, այդ խոսքերում ճշմարտության, երեւի թե, մեծ բաժին կար), ապա այսօր մենք ունենք բավականաչափ հասուն ու ինքնակազմակերպվող հասարակություն, ունենք լուրջ ու ձեւավորված քաղաքական եւ հասարակական ուժեր, որոնք կարող են եւ պարտավոր են երկիրը բարձրացնել որակական նոր աստիճանի: Այդ ուժերի մեջ Հանրապետական կուսակցությանը վերապահված է առանձնահատուկ դեր: Ես կասեի՝ ամենապատասխանատու դերը: Հայտնի ճշմարտություն է. ում շատ է տրված, նրանից շատ է պահանջվում»,- ազդարարել է Սերժ Սարգսյանը:




























