Այսօր Հայաստանի առաջընթացի թիվ մեկ խոչընդոտներն են կաշառակերությունն ու կոռուպցիան: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը ՀՀԿ 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին ունեցած իր ելույթում:
«Դրանց պատճառների եւ նախադրյալների մասին կարելի է ժամերով խոսել, բայց մեր խնդիրն այսօր դրանց հաղթահարումն է: Կան նախկին խորհրդային հանրապետություններ, որտեղ մեր աչքի առաջ այդ խնդիրը լուծվեց: Իհարկե ոչ ամբողջությամբ, բայց կաշառակերությունն ու կոռուպցիան հասցվեցին այնպիսի նվազագույնի, որ ժողովուրդը սկսեց հավատալ պետական չինովնիկներին, ոստիկաններին ու դատավորներին: Սա հեքիաթ չէ, սա իրականություն է: Սա մեր վաղվա իրականությունն է: Այդ վաղը մենք պետք է մոտեցնենք մեր ուժերի ողջ լարումով»,- ասել է նախագահն ու հավելել. «Մենք հպարտանում ենք մեր հայրենակիցներով, որոնք օրինապահ եւ օրինապաշտ են արտերկրում: Ես համոզված եմ, որ հեռու չէ այն օրը, երբ մենք կհպարտանանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների օրինապահությամբ: Մեր քաղաքացիները հարգում են օրենքը, երբ այն բոլորի համար է»:
Ըստ նախագահի՝ օրենքի առաջ բոլորի հավասարությունը եւ պատժի անխուսափելիությունը պետք է ապահովեն պետական կառույցները: «Մենք դա պետք է անենք: Այո՛, դժվար է լինելու, բայց ոչ մի լավ բան այս աշխարհում հեշտ չի լինում»,- նշել է նա:





























