Կոալիցիոն գործընկերների՝ «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների հետ համագործակցությունը Հանրապետական կուսակցությունը արդյունավետ է համարում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը ՀՀԿ 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին ունեցած իր ելույթում:

Միաժամանակ Սերժ Սարգսյանը նկատել է, թե քանի որ առաջիկայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, բնականաբար ընտրությունների մոտենալուն զուգընթաց սկսվում են նաեւ խոսակցություններ, երբեմն անառողջ ասեկոսեներ կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների փոխադարձ խանդի եւ մրցակցության մասին, իսկ ոմանք նույնիսկ հանդիսավորապես գուժում են կոալիցիայի տրոհումը: «Անլուրջ զրույցներ մեկնաբանելը մեր խնդրից դուրս է, իսկ ինչ վերաբերում է ընտրություններին, ապա առողջ մրցակցությունը բնական է եւ օրինաչափ: Կրկնում եմ` առողջ մրցակցությունը եւ ոչ թե խարդավանքները:  Խորհրդարան կմտնեն այն ուժերը, որոնք արդար պայքարում կվաստակեն ժողովրդի վստահության քվեն: Ուժերի վերադասավորում կարող է իրականացնել եւ պետք է իրականացնի միայն ու միայն ընտրողը: Այլ տարբերակներ պարզապես չեն քննարկվում»,- ազդարարել է Սերժ Սարգսյանը:

Նա անդրադարձել է նաեւ այն ասեկոսեներին, այն խոսակցություններին, որ վերջին շրջանում պտտվում են որոշ քաղաքական շրջանակներում, թե «իբրեւ ես վերջնագիր եմ ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը»: «Եվ, ղեկավարվելով իրենց տրամաբանությամբ` իրենց իսկ ժարգոնով ասած, փորձում են թասիբի գցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը եւ կոնկրետ Գագիկ Ծառուկյանին: Բոլորիդ է հայտնի, որ ես երբեք որեւէ մեկի հետ վերջնագրով չեմ խոսել, մանավանդ` իմ գործընկերների հետ: Նրանց ասած այդ վերջնագրերը պարզապես իմ պահանջներն են ինչպես իմ կուսակիցների, այնպես էլ մեր կոալիցիոն գործընկերների նկատմամբ: Կարծում եմ, որ սա օրինաչափ է, եւ հակառակը ենթադրել` պարզապես անտրամաբանական է»,- նշել է նախագահը:

Նա նաեւ նկատել է, որ նախընտրական մրցապայքարով պայմանավորված` մենք նորից մտնելու ենք հանրային կյանքի մի շրջան, որտեղ շատ ավելի հաճախակի են տեղ գտնելու էմոցիաները, տեղին ու հանիրավի մեղադրանքները, դրականը սեւացնելու եւ բացթողումները ճոխացնելու  փորձերը: «Սա բնական գործընթաց է, որից դեռ ոչ մի երկիր չի կարողացել խուսափել: Սա պիտի ընդունել որպես անխուսափելի իրողություն, բայցեւ չպետք է ձեռքերը ծալած նստել: Ես մեկ անգամ եւս հիշեցնում եմ, որ մենք գո՛րծ ունենք անելու: Մենք պիտի կարողանանք ոչ միայն նախընտրական շրջանում, այլեւ ընդհանրապես լինել շրջահայացության, մարդասիրության եւ քաղաքակիրթ երկխոսության ջատագովները մեր երկրում»,- ասել է նաե եւ հավելել. ոչ կառուցողական գործելաոճով երկար առաջ գնալ հնարավոր չէ: