Հայաստանում իշխանությունների ընդդիմախոսներին հիմնականում կարելի է բաժանել երեք խմբի: Առաջին խմբում երկրի ու ժողովրդի բախտով անկեղծորեն մտահոգ անհատներ են, որոնք բարձրացնում են հարցեր, երբեմն՝ շատ սուր, վեր են հանում խնդիրներ, ահազանգ են հնչեցնում այնտեղ, որտեղ իշխանությունները ուշացել են: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը ՀՀԿ 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին ունեցած իր ելույթում, եւ հավելել, որ այս խմբին կարելի է դասել նաեւ նրանց, ովքեր կուսակցության եւ կառավարող կոալիցիայի քաղաքական գիծը մասամբ համարում են ճիշտ եւ մասամբ անընդունելի:

«Երկրորդ խմբում մարդիկ են, ովքեր Հայաստանի եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած բոլոր խնդիրների լուծումը տեսնում են միմիայն իշխանափոխության մեջ: Նրանք ասում են. հենց որ Սերժ Սարգսյանի փոխարեն մենք լինենք հանրապետության ղեկին, ամեն ինչ լավ կլինի: Քանի դեռ նա է, ամեն ինչ վատ է եւ վատ է լինելու: Այս պարզունակ բանաձեւն արդեն տարիներ շարունակ թմբկահարվում է: Երկրի նախագահին բոլոր դժբախտությունների պատճառ հռչակելը, ինչպես նաեւ բոլոր խնդիրները հեշտ ու արագ, մի հարվածով լուծելու խոստումը, համոզված եմ, սպառել են իրենց: Ասելիքի բացակայությունը մի կողմից, «ամեն ինչ վատ է» սկզբունքը մյուս կողմից, հանգեցրին նրան, որ Գարեգին Նժդեհի դավանած ցեղակրոնությունը հռչակվեց ոչ ավել, ոչ պակաս «ռասիզմ»: Եթե պետք է ցեխ շպրտել Հանրապետական կուսակցության վրա, իսկ հանրապետականները տալիս են Նժդեհի անունը, ուրեմն պետք է անպայման ցեխ շպրտել Գարեգին Նժդեհի երեսին: Ա՛յ այսպիսի պարզունակ «տրամաբանական շղթա»: Բայց մենք Հովհաննես Թումանյանի անու՛նն էլ ենք տալիս... Նաեւ շատ ու շատ մեր մյուս մեծերի ունուններն ենք տալիս: Մենք այսուհետ եւ՛ս շարունակելու ենք հետեւել հայոց մեծերին՝ առանց վախենալու, թե հաջորդ միտինգի ժամանակ ինչ հրեշավոր պիտակ կփակցվի նրանց լուսավոր կերպարին»,- ասել է Սերժ Սարգսյանը (Նշենք, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը «նժդեհյան ցեղակրոն» գաղափարախոսությունը որոկել էր որպես ռասիզմ- NEWS.am):

Սարգսյանը ասել է, թե Հանրապետական կուսակցությունը չի պատրաստվում Նժդեհի փաստաբանը դառնալ: «Նժդեհը դրա կարիքը բացարձակապես չունի: Ի տարբերություն մերօրյա որոշ ճարտասանների, նա ասելիք ունի իր ժողովրդին: Իսկ նրա պատգամն ու ասելիքը տեղ հասցնելու գործում Հայաստանի հանրապետական կուսակցությունը սոսկ իր համեստ դերն ունի»,- ասել է Սերժ Սարգսյանն ու նկատել. «Եթե կարճ ձեւակերպենք. այս խմբի ներկայացուցիչների համար երկրագունդը պտտվում է ոչ թե արեգակի, այլ նախագահական աթոռի շուրջը: Բայց այստեղ կան նաեւ անհատներ, ովքեր պարբերաբար սահուն անցում են կատարում դեպի երրորդ խումբ. Երբեմն, իհարկե, վերադառնում են, բայց ավելի հաճախ մնում են այնտեղ»:

Իսկ երրորդ խումբը, որը ըստ Սարգսյանի, բարեբախտաբար փոքրաթիվ է, ինքն է իրեն ընդդիմախոս հայտարարել: «Չգիտեմ՝ ակամա, թե գիտակցաբար, նրանք իրականացնում են հայ ժողովրդին, հայոց պետականությունը եւ հատկապես հայոց բանակը վարկաբեկելու հստակ ծրագիր: Ընդ որում, դա արվում է հետեւողական կերպով եւ մեթոդաբար, արվում է քայլերի որոշակի հաշվարկով, արվում է` ֆինանսական ռեսուրսներ ծախսելով, արվում է ամենակեղտոտ տեխնոլոգիաների կիրառմամբ: Ավելին, նրանց ձեւակերպումները հաճախ բառացի նույնությամբ մենք տեսնում ենք ադրբեջանական եւ թուրքական քարոզչության էջերում»,- շեշտել է Սարգսյանն ու նկատել, որ խոսքը մեր բանակում առկա խնդիրների առարկայական քննադատությանը չի վերաբերում: «Այդ քննադատությունը մենք համարում ենք բնական եւ կարեւոր: Հենց դրա կարեւորության գիտակցումով է, որ մեր Զինված ուժերն օր-օրի այդքան բաց են դառնում հասարակության համար: Տվյալ դեպքում խոսքը բոլորովին այլ երեւույթի մասին է: Այս երրորդ խմբի ներկայացուցիչներին մենք ընդդիմախոս չենք համարում: Մենք նրանց այլ անուն ենք տալիս»: