Հայաստանի հետճգնաժամային տնտեսությունը դեռ լիովին թափ չի հավաքել, տնտեսության մեջ արմատացած բազմաթիվ խնդիրները դեռ լիարժեք լուծում չեն ստացել, իսկ տնտեսավարող սուբյեկտների մրցունակության բարձրացումը, ողջ տնտեսության մրցունակության ավելացումն ու արդիականացումը դեռ նոր ու հստակ քայլեր են պահանջում Հայաստանի իշխանություններից: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը ՀՀԿ 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին ունեցած իր ելույթում:
«Մենք շատ լավ հասկանում ենք, որ նույնիսկ անընդհատ եւ նշանակալի մեծացնելով սոցիալական ուղղվածության ծրագրերի ծավալները, մեզ, միեւնույն է, դեռեւս չի հաջողվել չեզոքացնել բնակչության խոցելի խմբերի վրա բացասական զարգացումների ազդեցությունը: Մենք հստակ տեսնում ենք համաշխարհային անբարենպաստ զարգացումներով եւ կլիմայական խաթարումներով պայմանավորված գնաճի բեռը մեր ժողովրդի ուսերին, բայց, միեւնույն ժամանակ, գիտենք նաեւ մեր որոշ գործարարների՝ փոփոխվող իրավիճակներում գների արհեստական բարձրացմամբ մի քանի դրամ ավել շահույթ կորզելու անընդունելի գործելաոճի մասին»,- ասել է Սերժ Սարգսյանը:
«Այս ամենը եւ բազմաթիվ ուրիշ խնդիրների գոյությունը մենք քաջ գիտակցում ենք: Գիտակցում ենք ու պատրաստ ենք նոր ձեռնարկումների, ավելի ակտիվ աշխատանքի եւ հաստատակամ որոշումների: Եթե մենք ցուցաբերել եւ ցուցաբերելու ենք հնարավոր առավելագույն հանդուրժողականություն այլակարծության հանդեպ, ապա կոռուպցիայի, կաշառակերության եւ բյուջետային միջոցների մսխման հարցերում պետք է լինի զրո հանդուրժողականություն»,- ասել է Սարգսյանն ու հավելել. «Այս գործում մեծ անելիք ունեն շատ-շատերը, սակայն քաղաքական պատասխանատվությունը, իմ համոզմամբ, առաջին հերթին Հայաստանի հանրապետական կուսակցությանն է: Գողությունը, կաշառակերությունը հաստատապես պետք է պատժվեն, եւ կուսակցական պատկանելությունը կամ ցանկացած այլ տիպի կապեր որեւէ նշանակություն չպետք է ունենան»:





























