Ժողովրդավարության խորացումն ու եվրոպական չափանիշների ավելի արմատական ներդրումը սոսկ լոզունգներ չեն եւ ոչ էլ խոսքեր՝ ուղղված այլ լսարանների: Դրանք առաջին հերթին պետք են Հայաստանին եւ ո՛չ թե Եվրոպային: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը ՀՀԿ 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին ունեցած իր ելույթում:

«Սա մեր գիտակցված ճանապարհն է եւ մեր համոզմունքը: Եվրոպական տիպի ժողովրդավարությունն ու օրինականությունը մեր հասարակության պահանջն են, ինչը նա բազմիցս եւ հստակորեն արտահայտել է թե՛ ընտրությունների ժամանակ, թե՛ քաղաքական ուժերին քննադատելիս եւ թե՛ այդ նույն ուժերին խրախուսելիս»,- ասել է նախագահը:

Ըստ Սարգսյանի՝ եվրոպական չափանիշները՝ խանութի ցուցափեղկում դրված սննդամթերքից սկսած մինչեւ պետաիրավական համակարգ, պետք է ընդօրինակելի դառնան մեզ համար: «Այսօր Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում չկա Եվրամիությանը լիարժեքորեն անդամակցելու հարց, բայց, կրկնում եմ, խաղի եվրոպական կանոնները, եվրոպական չափանիշները պետք է առավելագույնս տեղայնացվեն ու ներդրվեն մեր երկրում, որովհետեւ դրանք բարձր եւ ժամանակով ստուգված չափանիշներ են: Այդ չափանիշները մեզ անհրաժեշտ են զգալի առաջընթաց ապահովելու, մեր քաղաքացիների կենսակերպը փոխելու եւ մեր հասարակության կազմակերպական ուժն ավելացնելու տեսանկյունից»,- արձանագրել է նա:

Սերժ Սարգսյանը նկատել է, որ չպետք է տեսնել հակասություն այն իրողության հետ, որ Հայաստանը ԱՊՀ անդամ է, ՀԱՊԿ անդամ է եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է: «Ռուսաստանի Դաշնության հետ մեր բազմակողմանի եւ սերտ, ես կասեի, շատ դեպքերում օրինակելի համագործակցությունը չի կարող հակասության մեջ լինել այն արժեքների հետ, որ հռչակում է նաեւ ինքը՝ Ռուսաստանը: Ավելին, ես վստահ եմ, որ մեր բարեկամները թե՛ Ռուսաստանում, թե՛ Արեւմուտքում, թե՛ ամենուրեք միայն ուրախ կլինեն մեր ձեռքբերումների համար»,- ասել է նա: