ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանն իր հավատարմագրերն է հանձնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին: Արարողությունից հետո Արմեն Եդիգարյանի եւ Անդերս Ֆոգ Ռասմուսենի միջեւ կայացել է առանձնազրույց:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը նշել է, որ բարձր է գնահատում ՆԱՏՕ-ՀՀ համագործակցության ներկա մակարդակը, ՆԱՏՕ-ն ընկալում է Հայաստանին որպես լավ գործընկեր: Գլխավոր քարտուղարը գոհունակությամբ հիշել է իր հանդիպումը Հայաստանի նախագահի հետ այս տարվա մայիսին Բրյուսելում:

Ռասմուսենը բարձր է գնահատել Հայաստանի ներդրումը Աֆղանստանում իրականացվող գործողություններին` հիշատակելով ՀՀ իշխանությունների վերջին որոշումը` համալրել զորախումբը Աֆղանստանում ռազմական հրահանգիչներով: ՆԱՏՕ-ՀՀ համագործակցության հետագա զարգացման համատեքստում գլխավոր քարտուղարը կարեւորեց Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների նորացված ծրագրի մշակումը:

Իր հերթին Արմեն Եդիգարյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը կշարունակի սերտ համագործակցությունը Դաշինքի եւ Գործընկերների հետ գոյություն ունեցող համագործակցության ծրագրերի ամբողջ սպեկտրով` ներառելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության նոր ոլորտներ: Աֆղանստանում գործողությունների առումով ՀՀ առաքելության ղեկավարը նշեց, որ Լիսաբոնում արտահայտած Հայաստանի պատրաստակամությունը կրկնապատկել ՀՀ զորախմբի քանակությունը շարունակում է գտնվել օրակարգում:

Գլխավոր քարտուղարի խնդրանքով ՀՀ առաքելության ղեկավարը ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների, ինչպես նաեւ արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի ներկայիս վիճակը: