«Ռուսկի ռեպորտյոր» ինտերնետային պարբերականը WikiLeaks-ի կայքից ստացել է եւս մի քանի փաստաթղթեր ԱՄՆ Պետքարտուղարության գրագրություններից, որոնք վերաբերում են Բելառուսին: Այս փաստաթղթերում երեւում է, թե որքան հնարամտորեն է Ալեքսանդր Լուկաշենկոն առեւտոր անում իր հակառուսական  տրամադրությունների հետ` փորձելով արեւմտյան պետություններից ստանալ քաղաքական եւ տնտեսական աջակցություն:

Լուկաշենկոն Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետի հետ զրույցում 2009թ. հոկտեմբերին հավաստիացրել է, թե Էստոնիան երբեք էլ իր թշնամին չի եղել: «90-րոպեանոց հանդիպման մեծ մասը Լուկաշենկոն անցկացրել է հարձակումներ գործելով Ռուսաստանի վրա եւ պնդելով, որ Մինսկին կարող ստիպել ճանաչել Հարավային Օսիան եւ Աբխազիան Ռուսաստանից էժան գազի դիմաց» Նա հայտարարել է նաեւ, թե Ռուսաստանն է պատերազմ սադրել Վրաստանում:

Լուկաշենկոն միաժամանակ հայտարարել է, թե խուսափում է բաց վրացամետ գործողություններից: Նա Սահակաշվիլիից Թբիլիսի այցելելու հրավեր է ստացել, սակայն չի արել դա՝ «Կրեմլին չզայրացնելու համար»: