Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում անհրաժեշտ է իրականացնել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում: Նոյեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հանրապետական նախագահ Գագիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ այսինքն անհրաժեշտ է ամրապնդել շփման գծում հրադադարի ռեժիմը:
Ընդգծելով նախօրեին Բրյուսելում ստորագրված փաստաթղթերի կարեւորությունը՝ Մինասյանը հավելեց, որ փաստաթղթերն արտացոլում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահների իրականացրած Մինսկի գործընթացին սատարելու ԵՄ դիրքորոշումը: «Նրանք տեսնում են, որ խնդիրը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա՝ երեք հիմնական սկզբունքների կիրառմամբ՝ ուժի եւ սպառնալիքի կիրառման անթույլատրելիություն, տարածքային ամբողջականության պահպանում եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունք՝ ժողովուրդների հավասարության սկզբունքի հիման վրա»,- նշեց Գագիկ Մինասյանը:



























