Դեկտեմբերի 18-ին Մոսկվայի մարզում չարտոնված ակցիաներին մասնակցելու համար ձերբակալվել է 808 մարդ: Իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ ձերբակալություններ են իրականացվել, մասնավորապես, Պամենսկոյի, Պուշկինո, Վոսկրեսենսկ եւ Չեխով քաղաքներում:
RBC-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին, հաղորդում է, որ ձերբակալվածների թվում մեծ թիվ են կազմում անչափահասները: Ձերբակալվածների շարքում կան թե՜ կովկասյան, թե՜ սլավոնական արտաքինով երիտասարդներ: Նրանցից ոմանց մոտ հայտնաբերվել են գազային ատրճանակներ, դանակներ, գազի փոքրիկ բալոններ եւ ճայթռուկներ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 18-ին Մոսկվայում «Օստանկինո» հեռուստակենտրոնի մոտ ձերբակալվել է շուրջ 500 մարդ: ՕՄՕՆ-ի աշխատակիցները ստիպված են եղել ուժ գործադրել, երբ 500-ից ավելի ագրեսիվ տրամադրված երիտասարդներ ու դեռահասներ թույլատրված հանրահավաքից հետո, որոշել են ազգայնական ու ծայրահեղական բնույթի կարգախոսներ հնչեցնելով չարտոնված երթ անցկացնել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին ֆուտբոլ ավելի քան 5 հազար երկրպագուներ եւ ազգայնական խմբավորումներ Մանեժնայա հրապարակում չարտոնված ակցիա էին անցկացրել, որը վերաճել էր ջարդերի: Հնչել էին ազգայնական կարգախոսներ, ծեծվել՝ մի քանի տասնյակ մարդիկ:



























