Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նոյեմբերի 26-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Լիբանանյան-կանադական համալսարանի (Լիբանան) նախագահ դոկտոր Ռոնի Աբի Նախըլին եւ համալսարանի տնօրինության նախագահ, միջազգային ծրագրերի պատասխանատու դոկտոր Յոլանդ Սալիմին` ուղեկցությամբ տիկ. Միրեյ Խանամիրյանի:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ հյուրերն Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրել են համալսարանի կրթական ծրագրերը եւ գործունեությունը, ինչպես նաեւ Հայաստան այցի նպատակը` համագործակցություն հաստատել բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ: Համալսարանի նախագահը Նորին Սրբությանը տեղեկացրել է Լիբանանի հայ համայնքի հետ համալսարանի ունեցած սերտ կապերի մասին, որի արդյունքում հայ ուսանողների թիվը կազմում է համալսարանի ուսանողության տասը տոկոսը:
Զրույցի ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է բերել կրթության մշակներին, հետաքրքրվել համալսարանի ուսումնական ծրագրերով եւ միջազգային համագործակցության նախագծերով:
Կարեւորելով միջազգային չափանիշներով կրթություն ջամբելու նրանց առաքելությունը` Նորին Սրբությունը համալսարանին արդյունավետ գործակցություն է մաղթել Հայաստանի բուհերի հետ` ընդգծելով, որ համատեղ ծրագրերը կրթական նոր հնարավորություններ կբացեն հայ ուսանողների համար, ինչպես նաեւ կնպաստեն երկու երկրների հարաբերությունների առավել սերտացմանը:




























