Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարում աշխատանք պետք է կատարի, սակայն ճիշտ ուղու վրա է: Այս մասին GRECO գործադիր քարտուղար Ջանլուկա Էսպոզիտոն նշեց՝ ելույթ ունենալով Երեւանում ընթացող «Կոռուպցիայի կանխումը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը. Հայաստանի կողմից ԵԽ երկրների խմբի (GRECO) կոռուպցիայի դեմ պայքարի հրահանգների կատարումը» թեմայով համաժողովում: Համաժողովը ֆինանսավորում են ԵՄ-ն եւ ԵԽ-ն:
Ջանլուկա Էսպոզիտոն հիշեցրեց, որ կազմակերպության գնահատականը ներկայացվել է 2 տարի առաջ պատրաստված զեկույցում: Հիմա պրակտիկային օրենսդրության համապատասխանությունը որոշելու փուլն է: Այս համատեքստում գործադիր քարտուղարը նշեց, որ հրահանգները ներկայացվել են ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ կազմակերպության մյուս անդամներին: Գործընթացում ավելի կարեւոր է 2 կետ՝ կոռուպցիայի կանխարգելումը եւ օրենսդրության կիրառումը: «Երկրներն աստիճանաբար օրենսդրությունը համապատասխանեցնում են ԵԽ պահանջներին: Հայաստանը բացառություն չէ: Ճիշտ է, դեռեւս աշխատանք պիտի կատարվի, սակայն Հայաստանը ճիշտ ուղղություն է ընտրել»,- նշեց գործադիր քարտուղարը:
GRECO հայաստանյան պատվիրակության ղեկավար Արթուր Օսիկյանն իր հերթին նշեց, որ Հայաստանը կազմակերպությանն անդամակցում է մոտ 14 տարի: Այս ընթացքում Հայաստանն անցել է գնահատման 4 փուլ: Մի շարք զեկույցներ են ընդունվել, որոնք հրապարակված են կազմակերպության կայքում: Արթուր Օսիկյանը նաեւ ներկայացրեց քննարկված հարցերի եւ առաջարկված հրահանգների շրջանակը:




























