Այսօր` դեկտեմբերի 19-ին, ժամը 19։20-ի սահմաններում Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում միմյանց են բախվել «Մերսեդես Բենց» E մակնիշի 77 ՕՈ 707 համարանիշի եւ «Միթսուբիշի Լանսեր» մակնիշի 33 ԼԼ 339 համարանիշի ավտոմեքենաները (ֆոտոռեպորտաժ):
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետեւանքով Մերսեդեսի վարորդը չի կարողացել տիրապետել մեքենայի կառավարումը եւ հարվածել է լուսակիրին: Վթարի հետեւանքով պատահական անցորդներից մի կին մարմնական վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Հիվանդանոց են տեղափոխել նաեւ երկու վարորդներին: Այս պահին վթարի վայրում են Երեւանի ՃՈ աշխատակիցները եւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնի քննիչները:
Տեղազննման աշխատանքներ կատարելուց հետո քննիչը մեկնելու է հիվանդանոց` ճշտելու վարորդների եւ կնոջ ինքնությունը: Վթարի վայր են կանչել քարշակ ավտոմեքենաները, որ վթարված մեքենաները տեղափոխեն ՃՈ տուգանային հրապարակ:
Ականատեսները Գագիկ Շամշյանին հայտնել են, որ մինչեւ վթարը նշված ավտոմեքենաները Մաշտոցի եւ Բաղրամյան պողոտաներում մեծ արագությամբ մրցում էին իրար հետ:
Դեպքի վայրում մեծ բազմություն է հավաքվել: Նշված հատվածում երթեւեկությունը մասամբ կաթվածահար է եղել, սակայն ոստիկաններին հաջողվում է իրավիճակը վերահսկել:









Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի





























