Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նոյեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանում Սիրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմին:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ Նորին Սրբությունն իր բարեմաղթանքներն է ուղղել պրն. դեպանին նշանակման առիթով` ցանկանալով արդյունավետ առաքելություն` ի նպաստ երկու ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերությունների եւ գործակցության շարունակական ամրապնդման: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ է նշել հայ-սիրիական պատմական կապերի մասին` ընդգծելով հայ համայնքի կարեւոր դերակատարությունը դրանց զորացման գործում:
Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ դեսպանը քննարկել են Սիրիայում տիրող կացությունը, անդրադարձան հակամարտության հետեւանքով արձանագրված ցավալի կորուստներին եւ պատճառված ավերածություններին: Վեհափառ Հայրապետը մասնավոր մտահոգություն է արտահայտել Սիրիայի ժողովրդի, այդ թվում հայ համայնքի կրած տառապանքներին ու դժվարությունների, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում քրիստոնեական ներկայության նվազման կապակցությամբ:
Գարեգին Բ Հայրապետն ընդգծել է, որ Հայոց Եկեղեցին շարունակելու է իր զորակցությունը բերել Սիրիայի ժողովրդին: Նորին Սրբությունը տեղեկացրել է, որ այս առնչությամբ Մայր Աթոռը մշտական կապի մեջ է Դամասկոսի հայոց թեմի առաջնորդի եւ Քույր Եկեղեցիների առաջնորդների հետ եւ ամեն ջանք ի գործ է դնում` միջեկեղեցական հանդիպումներին եւ տարբեր այլ հարթակներում միջազգային հանրության ուշադրությանը բերելու Մերձավոր Արեւելքի խնդիրները եւ նպաստելու հակամարտության հանգուցալուծմանը:
Նորին Սրբությունը դեսպանին նաեւ հայտնել է Հայաստանում հաստատված սիրիահայերին Մայր Աթոռի կողմից ցուցաբերվող հոգեւոր եւ նյութական աջակցության մասին:
Դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմն իր հերթին շնորհակալություն է հայտնել դժվարին այս ժամանակաշրջանում Սիրիային ցուցաբերվող զորակցության համար: Դեսպանը առկա մարտահրավերների հաղթահարման գործում կարեւորել է նաեւ սիրիահայ համայնքի դերը, որը մշտապես մեծ հարգանք է վայելել երկրում:
Սիրիայի դեսպանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի եւ Սիրիայի գլխավոր մուֆթի Ահմադ Բադր Ալ-Դին Հասունի ողջույններն ու բարեմաղթանքները:
Աղոթելով Սիրիայում խաղաղության վերահաստատման համար` Վեհափառ Հայրապետը հայցել է Բարձրյալի հովանին եւ պաշտպանությունը Սիրիայի բարեսեր ժողովրդին եւ մաղթեց, որ երկրում սկսված վերականգնողական աշխատանքների արդյունքում ամենքը շուտով կարողանան վերադառնալ իրենց բնակության վայրերը:




























