ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով այսօրվա՝ նոյեմբերի 28-ի դատական նիստում Կենտրոն եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց ամբաստանյալների դատավճիռները:
Ըստ այդմ, Սամվել Բաբայանը, ով մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասի (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում) հատկանիշներով, մեղավոր ճանաչվեց եւ դատապարտվեց 6 տարվա ազատազրկման։
Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը, ում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, դատապարտվեց 3 տարի ազատազրկման։
Արմեն Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. նա դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։
Անդրանիկ եւ Կարեն Քոչարյանին, Ժորա Զաքարյանին եւ Դավիթ Հարությունյանին դատարանը մեղադրանք էր առաջացրել ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ըստ այդմ, Կարեն Քոչարյանը դատապարտվեց 2,5 տարվա ազատազրկման, սակայն դատարանը որոշեց պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով։
Անդրանիկ Քոչարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, սակայն պատիժը չկիրառվեց. Դատարանը սահմանեց փորձաշրջան 2 տարի ժամկետով։
Ժորա Զաքարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառվեց. սահմանվեց փորձաշրջան 2 տարի ժամկետով։
Դավիթ Հարությունյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառվեց. սահմանվեց փորձաշրջան 2 տարի ժամկետով:
Նշենք, որ նախորդ նիստում Սամվել Բաբայանը հանդես էր եկել պաշտպանական ճառով՝ նշելով, որ իրականությանը չի համապատասխանում «Իգլայի» գործով իրեն ուղղված մեղադրանքը, իսկ փողերի լվացման մեղադրանքն ընդհանրապես շինծու է:
Նշենք, որ դատախազը Սամվել Բաբայանի համար պահանջել էր դատապարտել 7 տարվա ազատազրկման, Սանասար Գաբրիելյանին՝ 4 տարվա, Արմեն Պողոսյանին՝ 3 տարվա, Կարեն Քոչարյանին՝ 3 տարվա, Անդրանիկ Քոչարյանին՝ 2 տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարի փորձաշրջանով, Դավիթ Հարությունյանին՝ 2 տարվա, Ժորա Զաքարյանին՝ 2 տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարի փորձաշրջանով։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաեւ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:
Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը եւ Արմեն Պողոսյանը կալանավորված են, իսկ մնացածը ստորագրությամբ ազատ էին արձակվել:











