Իրանի եւ Հայաստանի հարաբերություններն ակտիվորեն զարգանում են բազմաթիվ ուղղություններով։ Այս մասին նոյեմբերի 28-ին՝ Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ճեպազրույցի ժամանակ, ասել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Իրանի ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել նաեւ Հայաստանի ժողովրդին եւ իշխանություններին Իրանում ուժեղ երկրաշարժին արձագանքելու համար։ «Իրանն ու Հայաստանը լավ հարեւաններ են։ Իրանը լավ հարաբերություններ ունի հարեւանների հետ»,– ասել է նախարարը եւ նշել, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ ակտիվ կապերը վերջին տարիներին զարգանում են քաղաքական եւ տնտեսական ոլորտներում։ Մասնավորապես, Մոհամմադ Զարիֆը նշել է էներգետիկայի եւ տարանցման, բնապահպանության եւ գիտության ոլորտում աշխատանքը։
Զարիֆը նաեւ շնորհակալություն է հայտնել հայկական կողմին միջազգային հարթակներում աջակցության համար։ «Հայաստանն աշխատում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման համար»,– ընդգծել է նախարարը՝ բոլոր ոլորտներում հաջող համագործակցության հույս հայտնելով։



























