Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Բրիտանիայի հետ հարաբերությունները լիովին խզելու մասին օրինագծին, հաղորդել է իրանական Fars գործակալությունը:

« Հանձնաժողովի անդամները  դատապարտել են Թեհրանում բրիտանական դեսպանի արած դիտողությունները, նաեւ այլ թշնամական քայլեր` ձեռնարկված Մեծ Բրիտանիայի կողմից մեր երկրի դեմ պատմության ընթացքում»,- ասել է հանձնաժողովի նախագահ Մոհամեդ Քարամի-Ռաադը:

Նա նշել է նաեւ, որ պատգամավորներից ոմանք պնդում էին հարաբերությունների նվազեցման վրա, սակայն անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովը որոշում է կայացրել խզել հարաբերությունները: Այժմ օրինագիծը ուղարկվելու է երկրի խորհրդարանի նախագահական խորհրդի քննարկմանը:

Ավելի վաղ իրանցի խորհրդարանականները մեղադրել էին Մեծ Բրիտանիային երկրի ներքին գործերին միջամտելու մեջ:

Դեկտեմբերի 9-ին բրիտանական դեսպանատան կայքում հրապարակվել էր դեսպան Սայմոն Գեսսի քննադատական կարծիքը Իրանում մարդու իրավունքների վիճակի մասին: Մասնավորապես, դեսպանը մեղադրել էր իրանական իշխանություններին «մարդու հիմնարար ազատությունների» խախտման մեջ: