Կապի գլոբալ օպերատոր VEON–ը՝ նախկինում հայտնի որպես «ՎիմպելԿոմ», կարեւոր վերափոխումների ճանապարհին է, որը կազդի կորպորատիվ մշակույթի, տեխնիկական հագեցվածության եւ նոր տաղանդների համար ներդրումների վրա։ Այս մասին հայկական առցանց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է VEON–ի դիտորդական խորհրդի նախագահ Ուրսուլա Բերնսը։
Նոր փոփոխությունները կարվեն երեք ուղղություններով։ «Առաջին հերթին՝ ընկերությունը ներդրումներ կկատարի թվային նախագծերում։ Երկրորդ հերթին՝ ներդրումներ կլինեն նոր տաղանդների համար, երրորդ՝ ընկերությունը կփորձի փոխել կորպորատիվ մշակույթը՝ այն արդիականացնելով եւ, իհարկե, մենք կարող ենք օգտագործել բազմազանությունը»,– հայտնել է Բերնսը։
Ընկերությունը մեծ նախագծեր ունի, եւ դիտորդական խորհուրդն ուզում է VEON–ին տեսնել նորարարական մոտեցումներ օգտագործող առաջատար հեռահաղորդակցության ընկերությունների շարքում։
Հայաստանը VEON–ի համար շատ կարեւոր շուկա է, եւ Հայաստանի խմբակային ռազմավարության մեջ առաջին հերթին առանձնանում է նորարարական մոտեցումը։ «Հայաստանի շուկան շահութաբեր է եւ արձագանքում է նոր առաջարկներին։ Հայաստանը նաեւ առաջատար է նոր տեխնոլոգիաների, նոր գաղափարների եւ ծրագրերի ստեղծման եւ կիրառման ոլորտում, միեւնույն ժամանակ ղեկավար Անդրեյ Պյատախինը գլոբալ բիզնես աշխարհայացքների տեր մարդ է, եւ մենք դա շատ ենք գնահատում»,– հավելել է նա։



























