Երեւանի նոր քաղաքապետի՝ Կարեն Կարապետյանի երդմնակալության արարողությանը ներկա էր նաեւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ով իր բարեմաղթանքի խոսքում հաճախ էր մեջբերումներ են անում Աստվածաշնչից եւ հայ դասականներից:
«Ինչպես կասեր Թումանյանը՝ հիմա եկել է հերթը ձեզ, հաղթանակի երթը ձեզ»,-ազդարարեց Կճոյանը եւ հավելեց. «Ձեր գործունեությունը, սիրելի Կարեն Կարապետյան, վստահեցնում է մեզ, որ Դուք պաշտոն առնելու չեք եկել, այլ պաշտելու, այսինքն, ծառայելու Երեւանին, մտահոգվելու Երեւանի վաղվա օրով եւ երեւանցիների օրվա հոգսերը հոգալով: Ձեր աշխատանքի արդյունքը կլինի իրականացումը Չարենցի մեծ տեսլականի, որն է՝ ոչ ծուխ, ոչ փոշի եւ լույս տներում, ժիր մարդիկ, խաղաղ դեմքերին ծիծաղ»:
Տեր Նավասարդ Կճոյանը նաեւ մաղթեց, որ «Բարձրյալ Աստված շեն պահի մեր հրաշակերտ քաղաքը եւ ավագանու անդամների եւ քաղաքապետարանի աշխատակազմի, եւ ինչու չէ նաեւ երեւանցիների աջակցությամբ ուժ ու զորություն տա մեր նոր քաղաքապետին՝ ի բարօրություն մեր սիրելի երեւանցիների»:
«Հարգելի Կարեն Կարապետյան, Աստված թող բազմապատկի ձեր եռանդը՝ հանուն հնամենի մեր քաղաքի բարեզարդման, Աստված թող ուղիղ անի զգործս ձեռաց ձերոց, որպեսզի Երեւանը ավելիով դարձենք համայն հայության կարոտի հանգրվանն ու մշտարթուն օջախը»,-նշեց նա:





























