Հայաստանը կարողացավ կյանքի կոչել «եւ, եւ»-ի քաղաքականությունը։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
Նա անդրադարձել է ԱլԳ գագաթնաժողովին եւ ԵՄ հետ կնքված համաձայնագրին, նշել, որ այն բխում է ՀՀ շահերից։ «Մեկ անգամ չէ, որ ասել ենք, ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի, հարցերը մեր օրակարգի գլխավոր հարցերից է։ Հայաստանում ժողովրդավարական արժեքները այլընտրանք չունեն»,- ասել է նա եւ հավելել. «Սա այն դեպքն է, որ մենք կարողացանք կյանքի կոչել «եւ, եւ»-ի քաղաքականությունը։ Սա ոչ մեկի դեմ չէ, այլ հանուն մեր երկրի է։ Հնարավոր է զարգացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ, խորացնել մեր ներկայությունն ու մասնակցությունը ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում, միաժամանակ ունենալ փաստաթուղթ, որը բխում է մեր զարգացման հեռանկարից»։
Ըստ Շարմազանովի, Հայաստանը կարող է լինել կամուրջ մի կողմից Եվրասիական երկրների եւ ԵՄ-ի, Իրանի եւ ԵԱՏՄ-ի, Իրանի եւ ԵՄ-ի միջեւ։
Ըստ Շարմազանովի, ՀՀ-ԵՄ համաձայնագիրը չի հակասում ՀՀ-ՌԴ դաշնակցային շահերին։ Իսկ ՌԴ տարատեսակ հեռուստատեսությունների եթերում սփռվող հակահայկական քարոզչությունը Շարմազանովը գնահաատեց որպես տգետ մեկնաբանություններ։ Նա հիշեցրեց Ռուսաստանի պաշտոնական տեսակետը, որ համաձայնագիրը չի վնասում ՌԴ հետ համագործակցության ոգուն։ «ՀՀ-ն շարունակելու է վարել արտաքին քաղաքականություն, որը բխումէ առաջին հերթին ՀՀ շահերից»,- նշել է նա։
Խոսելով ՍԾՏՀԿ-ում տեղի ունեցած միջադեպի մասին, երբ հայկական կողմը բոյկոտել էր նիստը, Շարմազանովն ասել է. «Մի շարք պետություններ, այդ թվում Ադրբեջանը եւ Թուրքիան, խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները, վերցրել են մի սկզբունք, որն ընդունել է մի դեկլարացիա, որը ոչ միայն ՀՀ շահերից չի բխում, այլեւ չի բխում այն իրավական բազայից, որը գոյություն ունի»։




























