Դաշնակցությունը հանդես է գալիս կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու դեմ, որով առաջարկվում է անցնել կուտակային կենսաթոշակային համակարգի:

Ինչպես խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, կուսակցությունը ոչ միայն դեմ է, այլեւ կոչ է անում մյուս քաղաքական ուժերին հետեւել իրենց օրինակին, քանի որ առաջարկվող օրինագիծը շատ բացթողումներ ունի: «Այո, Հայաստանը ունի բարեփոխումների կարիք, բայց ոչ այսպիսի»,- նկատել է Հովհաննիսյանը:

Նա մասնավորապես, նշել է, թե առաջարկված օրինագիծը բարոյական փչացման վտանգ է պարունակում: «Երբ մարդ վճարում է հարկերը՝ ապահովելու իր ծնողների կենսաթոշակը, դա ընդունելի եւ հասկանալի է: Բայց երբ նա հավաքում է սեփական թոշակի համար, վտանգ կա, որ նա մի օր կհրաժարվի իր ծնողներից եւ ծերանոց կուղարկի»,- հոռետեսորեն ասել է Հավհաննիսյանը: Նա նշել է նաեւ, որ չի կարելի քաղաքացիներին պարտադրել այդ օրինագիծը: Նշենք, որ օրինագիծը նախատեսում է անցում կատարել կուտակային կենաթոշակային համակարգի 2011թ.-ից, իսկ 2014թ.-ից այն կլինի պարտադիր:

Ըստ օրինագծի՝ Հայաստանի քաղաքացիների թոշակները պետք է ձեւավորվեն 50+50 տոկոս համամասնությամբ, այսինքն քաղաքացին իր աշխատավարձի 5 տոկոսը փոխանցելու է կենսաթոշակային հիմնադրամ, նույնքան էլ մուծելու է պետությունը: Պետական մուծումները, սակայն չեն կարող գերազանցել 25 հազար դրամը: Զուգահեռ քաղաքացին կարող է գումարներ փոխանցել կամավոր սկզբունքով, եւ այդ միջոցները հետագայում հաշվարկվելու են թոշակների հաշվարկի ժամանակ:

Ի դեպ, պետությունը պետք է երաշխավորի մուծումները 4 մլն դրամի չափով: Կենսաթոշակային մուծումը բոլոր երեք կուտակային համակարգերի հաշվարկմամբ կարող են հասնել աշխատավարձի 40 տոկոսին: Օրինագիծն ընդունվելու դեպքում տարածվելու է Հայաստանի 40 տարեկան քաղաքացիների վրա: