Եվրամիությունը Հայաստանի հիմնական առեւտրային եւ քաղաքական գործընկերներից մեկն է: Այս մասին դեկտեմբերի 1-ին ԱԺ-ում արտաքին հարաբերությունների եւ եվրոպական ինտեգրման հանձնաժողովների համատեղ նախաձեռնությամբ, ինչպես նաեւ «Կոնրադ Ադենհաուերի» հիմնադրամի հայաստանյան բաժանմունքի աջակցությամբ անցկացվող լսումների ժամանակ ասաց ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի եւ ԵՄ համագործակցությունը շարունակում է բավականին հագեցած մնալ: «Նախ հարկ է նշել, որ բանակցությունները մշտապես հանրության, փորձագիտական եւ դիվանագիտական հանրույթների հատուկ ուշադրության կենտրոնում էին»,- նշեց Նազարյանը՝ հավելելով, որ դեռեւս մինչեւ համաձայնագրի ստորագրումը ԵՄ-ի հետ բանակցությունները նման պայմաններում են սկսվել, որոնք մի քանի փուլով են անցել:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ ԵՄ միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկեորության շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է նոյեմբերի 24-ին Բրյուսելում:











