Հայաստանը դարձավ աշխարհում 10-րդ երկիրը, որտեղ գործարկվել է 4-րդ սերնդի ինտերնետային ցանցը։ Գործարկումը LTE տեխնոլոգիայի հիման վրա իրականացրել է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը։ Այսօր՝ դեկտեմբերի 20-ին ընկերության գրասենյակում լրագրողներին հնարավորություն տվեցին ծանոթանալ նոր ցանցի հնարավորություններին։ Տեսականորեն ցանցի թողունակությունը ներբեռնման դեպքում կազմում է 150 Մբիթ/վրկ, իսկ վերբեռնման դեպքում՝ 50 Մբիթ/վրկ։ Սա գերարագ ինտերնետ է, որն էապես ընդլայնում է ինտերնետային ծառայությունների որակը եւ քանակը։ Ցանցն առայժմ հասանելի է Երեւանի Կենտրոն եւ Արաբկիր համայնքներում, սակայն «ՎիվաՍելլ-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը խոստացավ 2011 թ. այն հասանելի դարձնել նաեւ Գյումրիում եւ Վանաձորում, այնուհետեւ՝ այլ մարզերում։
Հատկանշական է, որ տարածաշրջանում Հայաստանն առաջինն է անցնում 4G ցանցին։ Այս հանգամանքը թույլ տվեց Ռ. Յիրիկյանին հայտարարելու, որ Հայաստանը հեռահաղորդակցության ոլորտում առաջատար է ողջ տարածաշրջանում։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ներկա էր 4G-ի շնորհանդեսին, նույնպես ընդգծեց, որ Հայաստանի մրցունակությունը ՏՏ ոլորտում էապես աճել է։ «Դեռ 2 տարի առաջ զիջում էինք մեր հարեւաններին՝ ինտերնետի հասանելիության, գնի եւ ծառայությունների քանակի առումով։ Սակայն, այսօր ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվել ՏՏ ոլորտի զարգացման համար»,- ասաց վարչապետը։




























