Դեկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը եւ օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավարեւելյան, արեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված իր հենակետերից հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ավելի քան 50 անգամ գնդակոծել է ղարաբաղյան ուժերի առաջապահ դիրքերը:

Հատկանշական է, որ այդքանից հետո պաշտոնական Բաքվի քարոզչամեքենան կատարվածի մեղքն, իր սովորության համաձայն ոչ միայն փորձում է բարդել հայկական կողմի վրա, այլեւ մտածածին լուրեր է տարածում առ այն, թե իբր դեկտեմբերի 17-ին ժամը 21-ն անց 15-ի սահմանում Թալիշ գյուղի ուղղությամբ տեղակայված ղարաբաղյան ստորաբաժանումների կոմից հրադադարի ռեժիմի խախտման ընթացքում կիրառվել են հրետանային միջոցներ:

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տարածված լուրը չի համապատասխանում իրականությանը:

«Դա ադրբեջանական պրոպոգանդայի հերթական սադրանքն է, որն այլ նպատակ չի հետապնդում, քան միջազգային հանրության շրջանում Պաշտպանության բանակը ներկայացնել նախահարձակի դերում: ԼՂՀ ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները, ինչպես միշտ, հարգում են հրադադարի ռեժիմի պահանջները: Իսկ ինչ վերաբերում է Թերթերի շրջանի Բորսունլու գյուղի մերձակայքում արձանագրված պայթյուններին, ապա ըստ մեր հետախուզության տվյալների, դրանք ոչ թե հրետակոծության, այլ ադրբեջանական բանակի մերձսահմանային գոտում տեղակայված զինապահեստներից մեկում տեղի ունեցած արտակարգ միջադեպի արդյունք էին»,- մեկնաբանելով հրետակոծության մասին ադրբեջանական լրատվամիջոցների կողմից շրջանառության մեջ դրված լուրը, ասել է ՊԲ Լրատվության եւ քարոզչության բաժնի պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը: