Հայաստանի Խորհրդարանը սկսել է «Լեզվի» եւ «Հանրակրթության մասին» օրենքների քննարկումը, որով նախատեսվում է բացել օտարալեզու դպրոցներ:

Ըստ օրինագծի` օտարալեզու դպրոցները չեն ֆինանսավորվելու Հայաստանի պետական բյուջեի հաշվին: Նախատեսվում է բացել երկու օտարալեզու դպրոց, որտեղ օտար լեզվով բազային կրթությունը սկսվելու է 7-րդ դասարանից, եւ 9 դպրոցներ, որոնք պետք է բացվեն միջպետական պայմանագրերի հիման վրա; Այդ դպրոցներում օտար լեզվով բազային կրթությունը պետք է սկսի 9-րդ դասարանից:

Փաստաթղթի քննարկման ժամանակ Խորհրդարանում քննդատությամբ հանդես եկան «Ժառանգության» խմբակցության ներկայացուցիչները:

Ի պատասխան այդ քննադատության` Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հավաստիացրեց, որ դպրոցներ բացելու ոչ մի պատվեր չկա:

«Ես անհամբեր սպասում եմ, թե երբ WikiLeaks-ը կհրապարակի նյութեր Հայաստանի իշխանությունների եւ արտաքին ուժերի միջեւ օտարալեզու դպրոցներ բացելու գաղտնի պայմանավորվածության մասին»,- հեգնեց նախարարը:

Աշոտյանի ելույթի ժամանակ սրահից լսվում էին բացականչություններ, ինչին ի պատասխան նախարարը խորհուրդ տվեց պատգամավորներին իրենց էներգիան ծախսել ավելի օգտակար բաների վրա:

Նա նաեւ նշեց, որ պատգամավորների նման պահվածքը դաստիարակության պակասից է:

«Դա արդյունք է ոչ թե հայ ազգային, այլ  սովետական կրթական համակարգում սովորելու»,-ասաց Աշոտյանը, ով եւս սովետական համակարգի շրջանավարտ է:

Ըդն որում, նա դարձյալ ընդգծեց, որ հայերենը միակ լեզուն է կրթական ընդհանուր համակարգում:

«Սակայն դրա հետ մեկտեղ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում նաեւ օտար լեզուների ուսուցմանը եւ միջազգային փորձի կիրառմանը»-նշեց նախարարը` կոչ անելով վերջ դնել քաղաքական շահարկումներին:

«Դպրոցները կբացվեն, կաշխատեն եւ բոլորին ամեն ինչ պարզ կլինի»,-ամփոփեց Աշոտյանը: