Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին դեկտեմբերի 2-ին այցելել են հանրապետության հարավային թեւում տեղակայված մի շարք զորամասեր, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին:

Նախագահները դիտել են զորավարժություններ, ներկա գտնվել զորանոցի եւ մի շարք օբյեկտների բացման հանդիսավոր արարողություններին, ինչպես նաեւ մասնակցել զինծառայողների համար կառուցված նոր բազմաբնակարանոց շենքի բնակարանամուտին:

«Ամուր պաշտպանության համար անհրաժեշտ է ջանք, եռանդ, քրտնաջան աշխատանք, որոնք ի վերջո բերում եւ յուրաքանչյուրիս հասցնում են բարձր պրոֆեսիոնալիզմի: Ժամանակակից զինված ուժեր` չի նշանակում միայն արդիական սպառազինություն, այլ նաեւ նշանակում է ունակություն, որը թույլ է տալիս այդ սպառազինությունը կիրառել ժամանակին եւ ամբողջ հզորությամբ: Շնորհակալ եմ ձեզ: Այսօրվա զորավարժություններն ապացուցեցին ձեր ունակությունը: Հավատացեք, որ դուք դրանով պատասխանում եք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մեր հայրենիքը մեզնից խլել, ովքեր փորձում են իրենց հզոր ցույց տալ եւ պոկել մեզնից մի բան: Ժողովուրդները կարողանում են իրենց հայրենիքը պաշտպանել, եթե նրանց մեջ ձեր տեսակը գերակշռում է: Մենք կարողանում ենք եւ պաշտպանելու ենք մեր սահմանը, մենք կարողանում ենք եւ պաշտպանելու ենք մեր հայրենիքը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ծնողներին, ձեր ուսուցիչներին, բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են ունեցել ձեր կայացման գործում»,-ասել է նախագահ Սարգսյանը՝ մաղթելով զինծառայողներին բարի ծառայություն եւ հպարտ կեցվածք: