Անգամ Հայ ազգային կոնգրեսն արդեն չի հավատում ատահերթ ընտրություններին, ինչպե՞ս ուրիշները կարող են հավատալ: Այդ մասին դեկտեմբերի 20-ին կայացած ասուլիսում հայտարարել է Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ անգամ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետ, ԱԳ նախկին ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը բազմիցս հայտարարել է, որ չի հավատում արտահերթ ընտրությունների անցկացմանը:
«Եթե մենք հավատայինք ընդդիմությանը, արդեն 6 նախագահական եւ 11 խորհրդարանական ընտրություն եղած կլիներ»,- նկատել է ՀՀԿ-ական պատգամավորը:
Միեւնույն ժամանակ, նա հայտարարել է, թե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեծ կարեւորություն է տալիս երկրում ընդդիմության առկայությանը. «Ես հեռու եմ այն մտքից, որ իշխանությունները լավն են, իսկ ընդդիմությունը՝ վատը: Այն, որ կողմերը հակադիր կարծիքներ ունեն քաղաքական հարցերում, չի նշանակում, որ նրանք թշնամիներ են: Բայց ընդդիմությունն ու կոալիցիան պետք է քաղաքակիրթ պայքար մղեն»:





























