Դեկտեմբերի 20-ին Անթալիայում սկսվել է Աթաթուրքի «Սավարոնա» նավի վրա հասարակաց տան կազմակերպման աղմկոտ գործով դատավարությունը:
Գործով մեղադրանք է ներկայացվել 10 մեղադրյալների:
Անթալիայի դատախազությունը մեղադրյալների համար 3-ից 27 տարվա բանտարկություն է պահանջել: Մեղադրական եզրակացությունը պարունակում է 50 տպագիր թերթ: Դատախազը պահանջել է 10 մեղադրյալների համար ընդհանուր առմամբ 140-ից 280 տարի ազատազրկում:
Որոշ լուրերի համաձայն, սեպտեմբերի 28-ին թուրքական «Սավարոնա» զբոսանավի վրա է եղել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւը:
Կայքը գրում է. «Այն, որ նախարարը եղել է լեգենդար «Սավարոնայի» վրա, որեւէ մեկի կողմից չի հերքվում: Աստանայի պաշտոնյաները համոզված են, որ «բարձրաստիճան ղազախ պաշտոնյան» հենց Սաուդաբաեւն է, ով սերտ հարաբերություններ ունի Եվրասիական խմբի, հատկապես Ալեքսանդր Մաշկեւիչի հետ, ով ղազախական նախարարի ամենալավ եւ հաստափոր դրամապանակն է»:
Թուրքական մամուլի տեղեկություններով, ոստիկանության խուզարկության պահին զբոսանավը վարձակալվել էր միլիարդատիրոջ կողմից, ով նաեւ իսրայելական քաղաքացիություն ունի: Տվյալներ կան, որ Մաշկեւիչը հինգ օրվա համար է վճարել նավի վարձակալման գումարը, եւ ոստիկանների ժամանելու պահին այնտեղ սեքսուալ օրգիաներ էին անցկացվում:
Նախկինում NYDailyNews-ը հայտնել էր, որ Դոնալդ Թրամփի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող նյույորքցի մագնատ Թեֆթիկ Արիֆը եւս եղել է այն 20 անձանց շարքում, ովքեր մասնակցել են այդ խրախճանքին: Գործարարը 3-ից 10 հազար դոլար է վճարել մարմնավաճառների ծառայությունների դիմաց:
Ձերբակալվել էին նաեւ ռուսաստանցի, ղազախ եւ ղրղըզ գործարարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ, հաղորդում է Bloomberg News-ը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, «Սավարոնա» նավը ամերիկացի ինժեներ Ուիլյամ Ֆրենսիս Գիբսի նախագծով կառուցվել է 1931 թվականին։ Նավը 7 տարի ճանապարհորդել է Ատլանտիկայով եւ Միջերկրական ծովով։ 1938 թվականին այն գնել է թուրքական կառավարությունը եւ տվել Թուրքիայի հիմնադիր Աթաթուրքին։ Նավի վրա անցկացվել են կառավարության նիստեր, օտարերկրյա առաջնորդների ընդունելություններ։ Աթաթուրքի մահվանից հետո, նավը տրվել է ծովային վարչակազմին։ 1989 թվականին այն 49 տարով վարձակալվել է Ղահրաման Սադիքօղլուի կողմից։




























