Աշխարհում ընթացիկ տարում կհայտնվեն ավելի քան 90 մլն նոր, ավելի համալիր վնասատու ծրագրեր: Այս մասին կիրակի ընթացող Ինտերնետի կառավարման 4-րդ համաշխարհային համաժողովում հայտարարել է «Կասպերսկու լաբորատորիա» ԲԸ հիմնադիրներից Եվգենի Կասպերսկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես այս բիզնեսով եմ զբաղվում 25 տարուց ավելի եւ տեսնում եմ, թե որքան դինամիկ է փոխվում կիբերտարածքի ոլորտի իրավիճակը: Ցանցային անվտանգության ապահովումը մասշտաբային խնդիր է: Օրինակ՝ 20 տարի առաջ, երբ դեռ նոր էի իմ ընկերությունը ստեղծել, այսինքն՝ 1997 թվականին, մենք գրանցել ենք ընդամենը 500 վնասատու ծրագիր, 10 տարի հետո՝ 2007-ին, մեր հավաքածուն արդեն համալրվել է համակարգչային վիրուսների ավելի քան 2 մլն նմուշներով, որոնք մինչ այդ նախադեպ չեն ունեցել: 2017-ին մենք սպասում ենք ավելի քան 90 մլն նոր նմուշ, եւ սա ընդամենը մեկ տարում»,- ասել է նա:

Կասպերսկու խոսքով՝ աշխարհում ընդհանուր առմամբ  հաշվվում է 500 մլն «եզակի վիրուսային ֆայլ»: «Սա շատ մեծ թիվ է: Մենք ամեն օր գրանցում ենք ավելի քան 300 հազար նոր վիրուս: Ցավոք, կիբերհանցագործությունները զանգվածային, միջազգային գլոբալ բնույթ ունեն, որին համապատասխան ցանցում անվտանգության ապահովման տնտեսությունը նույնպես չափազանց արագ է զարգանում»,- հավելել է նա:

Ընկերության ղեկավարը նաեւ նշել է, որ հաքերային հարձակումներ կատարելու ծրագրերի մեծ մասը կարելի է դասել «ոչ բարդ վիրուսների» կարգին, որոնք հեշտ է ոչնչացնել: «Դրա հետ մեկտեղ պետք է ասեմ, որ վնասատու ծրագրերն ավելի համալիր բնույթ են ձեռք բերում: Ցավոք, մենք չափազանց վտանգավոր աշխարհում ենք ապրում՝ կախված լինելով ցանցային գործոնից»,- ասել է նա: