Հանգստյան օրերին Աղվերանում տեղի ունեցած Էլեկտրոնային առեւտրի զարգացմանը նվիրված սեմինարի ընթացքում մասնակիցները դժգոհեցին Հայաստանի բանկային համակարգից, որը չի նպաստում էլեկտրոնային առեւտրի զարգացմանը։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Հովհաննես Ավոյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրուցում ասաց, որ հայաստանյան բանկերը կոնսերվատիվ կառույցներ են՝ բիզնեսի նոր տեսակները նրանց հետաքիքիր չեն։ «Բանկերի համար այս շուկան ռիսկային է, իսկ շուկայի հնարավորությունները՝ ոչ տեսանելի»,-ասաց Հ. Ավոյանը։

NEWS.am-փորձեց նաեւ այս առումով բացատրություններ ստանալ բանկերից։

«Յունիբանկ»-ի ՏՏ տնօրեն Դենադի Լանդաուն նշեց, որ էլեկտրոնային առեւտրի ծառայությունների մատուցումը նախատեսում է մեծ ծախսեր՝ ծրագրային, մասնագիտական, մարդկային, ֆինանսական  եւ այլն։ Բացի այդ՝ էլեկտրոնային առեւտրի ծառայությունների մատուցման գործընթացում մասնակցություն ունենալու համար բանկը պետք է որոշակի էվոլյուցիոն ճանապարհ անցնի, որպեսզի կարողանա շուկային առաջարկել համապատասխան պրոդուկտ։ Բանկերի համար այդ ամենը դեռեւս չարդարացված ծախսատար գործընթաց է, որովհետեւ էլեկտրոնային առեւտրի շրջանառությունը բավականին փոքր է։  Բացի այդ՝  էլեկտրոնային առեւտուրն իր մեջ պարունակում է մեծ ռիսկ։

«Արդշինինվեստբանկ»-ի տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ Խաչատուր Ղահրամանյանի խոսքով՝ բանկերը  շահագրգռված են էլեկտրոնային առեւտրով, քանի որ դա գումար աշխատելու միջոց է։  Բայց պետք է գնահատել բոլոր պլյուսները եւ մինուսները, որպեսզի ներդրումներն արդարացվեն։ «Այսօր հայկական շուկայում էլէկտրոնային կոմերցիայի պահանջարկը հստակեցված չէ։ Օրինակ՝ բանկը չգիտի ռիսկի ենթարկվելու աստիճանը»,- ասաց Խ. Ղահրամանյանը։ Սակայն նա վստահեցրեց, որ բանկերն այսօր ագրեսիվ քաղաքականություն են ցանկանում վարել այդ տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ։