ԵԱՀԿ դիտորդները եկել են եզրակացության, որ նախագահական ընտրությունները Բելառուսում չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին: Այդուհանդերձ, ինչպես նշվում է կազմակերպության հայտարարության մեջ, որոշակի դրական առաջընթաց կա:

Առաքելության ղեկավարի տեղակալ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն իր խոսքում նկատել է, թե ընտրություններն անցել են կազմակերպված, սակայն քվեների հաշվարկը չի համապատասխանել ԵԱՀԿ սկզբունքներին եւ չափորոշիչներին:

ԵԱՀԿ-ն, ԱՄՆ-ը եւ Լիտվան անհանգստություն են հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ, իսկ ԱՊՀ ներկայացուցիչներն ընտրությունները ժողովրդավարական են գնահատել:

Բելառուսի նախագահի ընտրությունները կայացել են դեկտեմբերի 19-ին, ԿԸՀ տվյալներով, հաղթանակ է տարել Ալեքսանդր Լուկաշենկոն:

Հիշեցնենք, որ ընդդիմությունը, դժգոհելով Լուկաշենկոյի հաղթանակից, բողոքի գործողություններ էր սկսել Մինսկում՝ գրոհելով կառավարության շենքը, որտեղ գտնվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ոստիկանությունը մահակներ եւ արցունքաբեր գազ է օգտագործել: Ներկայումս ձերբակալվել է 200 մարդ, այդ թվում 8 ընդդիմադիր թեկնածուներ: