Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 20-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբային:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ողջունել է զեկույցի նախապատրաստման ընթացքում պատգամավոր Տոմաշ Պորեբայի այցը Երեւան եւ Ստեփանակերտ, որը նախագահի համոզմամբ, տեղում իրավիճակին ծանոթանալու, գնահատելու, անմիջական շփումների եւ տեղեկություններ ստանալու տեսանկյունից չափազանց կարեւոր է:
«Յուրաքանչյուր գնահատական, յուրաքանչյուր մոտեցում, ի վերջո, նպատակաուղղված է տվյալ երկրին, տարածաշրջանին օժանդակելուն, առկա խնդիրների լուծմանն ու բարեփոխումներին աջակցմանը: Եւ մենք վստահ ենք, որ Ձեր զեկույցը հենց այդպիսին է լինելու»,-ասել է նախագահ Սարգսյանը:
Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբան նշել է, որ առանց տվյալ երկիր այցելության, անհնար կլիներ համակողմանի ու անաչառ զեկույց ներկայացնել: Նա կասկածից վեր է համարել նաեւ Լեռնային Ղարաբաղ այցելության կարեւորությունը, քանի որ տարածաշրջանային հարցերում այն էական նշանակություն ունի:
«Ես օգտակար տեղեկություններ ստացա եւ տեղում տեսա ու զգացի իրավիճակը: Այդ ամենը զեկույցում ներառելուց բացի, մտադիր եմ տպավորություններս փոխանցել Եվրոպական խորհրդարանի իմ գործընկերներին»,-ասել է Տոմաշ Պորեբան՝ նախագահ Սարգսյանի հետ հանդիպմանը քննարկելով նաեւ Հայաստանի եւ Եվրոպական կառույցների միջեւ համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր:





























