MY ARMENIA հավելվածը ստեղծվել է քաղաքացիների բազմամյա կենցաղային խնդիրների լուծման համար։ Այս մասին դեկտեմբերի 4-ին լրագրողներին ասել է «Սիրողական հեծանվասպորտի եւ հեծանվային տուրիզմի դաշնություն» ՀԿ նախագահ Արման Անտոնյանը, որը նաեւ MY ARMENIA բջջային հավելվածի հեղինակներից մեկն է։ Այն ստեղծվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհների եւ մրցույթի նախագահական ծրագրի շրջանակում։
Նրա խոսքով՝ iOS եւ Android բազաների համար ստեղծված MY ARMENIA հավելվածը պարզ միջոց է Հայաստանում հասարակական, բնապահպանական, կենցաղային եւ այլ հարցեր բարձրաձայնելու համար։ «Մենք փորձել ենք ստեղծել գործիք, որի օգնությամբ կարող էինք բարձրացնել ամենատարբեր բնույթի հարցեր»,– պարզաբանել է Անտոնյանը։
Միաժամանակ հավելվածի հեղինակներից մեկը նշել է, որ նախագահական դրամաշնորհը կազմել է 1 մլն դրամ, իսկ դա «աննշան գումար է նման բնույթի հավելված ստեղծելու տեսակետից, քանի որ նման հավելվածներ մշակելու համար շատ միջոցներ են ծախսվում»։




























