Ռուսական հետաքննչական մարմինները որոշել են քրեական գործ հարուցել իրավապահ մարմինների այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր ազատ են արձակել Կրոնշտադտսկի պուրակում ծեծկռտուքի մասնակիցներին, որի ժամանակ սպանվել էր «Սպարտակի» երկրպագու Եգոր Սվիրիդովը:
ՌԴ դատախազության հետաքննչական վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ քրեական գործ է հարուցվել «անփութություն» հոդվածով: Մեղավոր քննիչների անունները դեռ գաղտնի է պահվում: Նշվում է նաեւ, որ նախաքննության ընթացքում մանրամասն ուսումնասիրվելու է այդ քննիչների կողմից հանցագործներին ազատ արձակելու բոլոր հնարավոր վարկածները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Սպարտակի» երկրպագուների եւ հյուսիսկովկասցիների միջեւ ծեծկռտուքը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ի գիշերը Կրոնշտադտսկի պուրակում: Ծեծկռտուքին մասնակցել է շուրջ 10 մարդ: Վեճի ժամանակ Ասլան Չերկեսովը (Կաբարդինո-Բալկարիայից) գազային ատրճանակից կրակել է երկու հոգու վրա, որի հետեւանքով նրանցից մեկը՝ 28-ամյա Եգոր Սվիրիդովը, մահացել է, իսկ մյուսը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Այդ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել «սպանություն» հոդվածով:
Դատախազության կողմից անցկացված ստուգումներից պարզ է դարձել, որ այս գործի ընթացքում բազմաթիվ խախտումներ են թույլ տրվել: Մասնավորապես, սպանության մասնակիցները հարցաքննվել են որպես վկաներ, ապա անհիմն ազատ արձակվել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Եգոր Սվիրիդովի հիշատակին նվիրված ակցիան վերաճել էր զանգվածային անկարգությունների, որի ընթացքում արմատական ու ծայրահեղական կոչեր էին հնչել եւ ծեծ ու ջարդի էին ենթարկել փողոցում հանդիպած կովկասցիներին:





























