Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ընդունված հակահայկական հայտարարությունը էական ազդեցություն չի կարող ունենալ ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա; Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը:
«Մեր կառույցը տնտեսական ուղղվածության վեհաժողով է, բացի այդ էլ՝ մյուսների նման բացարձակ անկախ չէ: Այն իր ստատուսով ավելի ցածր է, քան մնացած վեհաժողովները: Բոլոր կոնֆլիկտների հետ կապված այս կառույցի որոշումները չունեն այն ուժը, ինչն ունեն այլ վեհաժողովները», - նշեց նա:
Մինասյանի խոսքով՝ այս հայտարարությունը նաեւ չի կարող որեւէ ազդեցություն ունենալ, որովհետեւ Արցախի կոնֆլիկտը այլ կոնֆլիկներից տարբերվում է:
«Մեր կոնֆլիկտի պայմաններում միջազգայնորեն ընդունված կառույց կա՝ Մինսկի խումբը, որը մնացած բոլոր կառույցների կողմից խնդրի կարգավորման առումով միակն է ընկալվում ու այն 3 սկզբունքերը, որոնք հռչակված են այդ կառույցի կողմից», - ասաց նա:
Անդրադառնալով դիտարկմանը, թե ինչպես է ստացվել, որ հայկական պատվիրակությունը չի նկատել, որ մնացած պատվիրակները բացակայում են, Մինասյանն ընդգծեց, որ իրենք շուտ են հասկացել՝ ինչ է կատարվում, մինչդեռ չցանկացավ մանրամասնել, թե ինչու չեն միջամտել:
«Մենք իմացել ենք: Այնտեղ աշխատում ենք ոչ առաջին տարին եւ գիտենք բոլոր միջոցները մեր պետական շահը պաշտպանելու համար», - հավելեց նա:
ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը նշել է, որ Վեհաժողովի 50-րդ հոբելյանական նիստի բացման սկզբում, երբ պատվիրակության անդամները մոտ մեկ ժամ սպասում էին դահլիճում, պատվիրակությունների ղեկավարները ՍԾՏՀ ԽՎ-ի գլխավոր քարտուղարի եւ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ առանձնացել եւ հարց են քննարկել: «Կասկածելի էր նման ձեւաչափով քննարկումը: Այդ քննարկմանը չէր հրավիրվել միայն ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը»,- ասել է Գագիկ Մինասյանը՝ ընդգծելով, որ ՀՀ պատվիրակության կողմից այս քայլը որակվել է իբրեւ վիրավորանք ոչ միայն հայկական պատվիրակության, այլեւ բոլոր պատվիրակությունների եւ ընդհանուր կառույցի հանդեպ:
Ավելի ուշ պարզվել է, որ ընդունված Հռչակագրում տարածաշրջանում առկա հակամարտությունների վերաբերյալ փոփոխություն է կատարվել, ինչն ամբողջությամբ հակասում է միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի սկզբունքներին:



























