ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ներկայիս խոսնակ Նենսի Փելոսիի ջանքերը՝  հայկական թիվ 252 բանաձեւը հասցնել Կոնգրեսի քվեարկության, այն աստիճան են անհանգստացրել Թուրքիային, որ բացի Դավութօղլու-Քլինթոն հեռախոսազրույցից, Էրդողանը նամակ է գրել Օբամային։

Այս մասին, թուրքական Milliyet-ի փոխանցմամբ, հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն՝ նշելով, թե դեռ որոշ զարգացումներ են ընթանում հայկական բանաձեւը Կոնգրեսի օրակարգում ընդգրկելու ուղղությամբ։

«Այս լուրերն իմանալուն պես, ԱՄՆ-ում մեր դեսպանը արձագանքեց, որից հետո ես հեռախոսազրույց եմ ունեցել Քլինթոնի հետ»,-հիշեցրել է Դավութօղլուն։

«Մենք թույլ չենք տա, որ հայկական բանաձեւը «դամոկլյան սրի» պես կախված լինի թուրք-ամերիկյան հարաբերությունների գլխին։ Այս համատեքստում մեր վարչապետն այսօր նամակ է հղել պարոն Օբամային»,- նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին աշխատանքներ է տանում մինչ այս Կոնգրեսի աշխատանքների ավարտը քննարկման դնել հայկական թիվ 252 բանաձեւը։  Կոնգրեսն իր անդամների այս կազմով կաշխատի մինչեւ դեկտեմբերի 21-ը, սակայն օրակարգում կան բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք պետք է անպայման քննարկվեն, որի պատճառով հնարավոր է, որ Կոնգրեսի աշխատանքները եւս մի քանի օրով երկարաձգեն: