Ե՛վ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, ե՛ւ, ասենք, Արաքսի ձախ ափին գործում է նույն օրենսդրությունը, նույն իրավական դաշտը. որեւէ տարբերություն չկա: Այս մասին, իրանցի օրերս քաղաքական վերլուծաբան, լրագրող Սալար Սեյֆօլդինի հետ հարցազրույցում նշել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։

Հարցին, թե ինչպիսին է իր հարաբերությունները այլ երկրների հետ՝ հաշվի առնելով, որ ինքը չճանաչված պետության ԱԳ նախարար է, Մայիլյանը պատասխանել է. «Որեւէ հակասություն չեմ տեսնում: Մեր հանրապետությունը հռչակվել է 1991 թվականին, եւ բնական է, որ մենք պետք է ունենանք արտաքին հարաբերություններ, այդ թվում՝ միջազգային ճանաչման հասնելու համար: Մենք իրականացնում ենք ճանաչված պետություններին բնորոշ գործառույթներ, որոնցից է,  նախ եւ առաջ, անվտանգ զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ստեղծումը։

Հարկ է նշել նաեւ, որ Արցախի Հանրապետությունը լիովին համապատասխանում է 1933 թվականի «Պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին» Մոնտեվիդեոյի կոնվենցիայով սահմանված պետությունների միջազգային իրավասուբյեկտության չափանիշներին, որոնցիցմեկը այլ երկրների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողությունն է:

ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից Արցախի Հանրապետութան դեռեւս չճանաչված լինելու հանգամանքը չի կարող կասկածի տակ դնել այն իրողությունը, որ Արցախը հանդես է գալիս տարածաշրջանում որպես կարեւոր ռազմաքաղաքական գործոն։

Հայտնի են բազմաթիվ պետություններ, որոնք միջազգային ճանաչում են ստացել իրենց ստեղծումից տասնամյակներ հետո։ Հարկ է հիշատակել նաեւ Շվեյցարիայի օրինակը, որը միջազգայնորեն ճանաչվել է մի քանի հարյուր տարի հետո։

Արցախի ճանաչման գործընթացը սկսված է։ Ներկայումս այն ընթանում է օտարերկրյա պետությունների առանձին վարչական միավորների՝ նահանգների, շրջանների եւ քաղաքների մակարդակներով։ Օրինակ, այս օրերին Արցախում է գտնվում մեր հանրապետությունը ճանաչած ԱՄՆ նահանգներից մեկի՝ Կալիֆորնիա նահանգի պատգամավորների պատվիրակությունը»:

Դիտարկմանը, որ Բաքվի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո, հավանաբար, որոշ տարածքներ պետք է հանձնվեն Ադրբեջանին, կարո՞ղ է այդ դեպքում Արցախն Իրանի հետ այլեւս սահման չունենա, Մասիս Մայիլյանը արձագանքել է.

«Այսօրվա մեր պետական սահմանները պատմական Արցախից դուրս չեն գտվում։ Հարկ է նշել նաեւ, որ Արցախի Հանրապետության մի շարք տարածքներ, օրինակ, Շահումյանի շրջանը, Մարտակերտի եւ Մարտունու շրջանների մի մասը, որոնք կազմում են հանրապետության  տարածքի մոտավորապես 15 տոկոսը, մինչ օրս օկուպացված են Ադրբեջանի կողմից:

Արցախի իրավազորության տակ գտնվող տարածքներն ամրագրված են համաժողովրդական հանրաքվեով ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, որն արտահայտում է մեր ժողովրդի կամքը։ Այսինքն, եւ՛ մայրաքաղաք Ստեփանակերտում, եւ՛, ասենք, Արաքսի ձախ ափին գործում է նույն օրենսդրությունը, նույն իրավական դաշտը. որեւէ տարբերություն չկա»: