Դեկտեմբերի 19-ին ժամը 00:40-ի սահմաններում Վանաձորի վարդանանց 43/1 շենքի երրորդ մուտքից հրազենային մի քանի կրակոց է արձակվել նույն շենքի 33 բնակարանի բնակիչ, Վանաձորի թիվ 11 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ 16-ամյա Դավիթ Վահանի Օհանյանի ուղղությամբ:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դավիթը հրազենային վնասվածքներ է ստացել որովայնի հատվածում, վնասվել է նրա փայծախն ու երիկամը: Նա տեղափոխվել է Վանաձորի քաղաքային հիվանդանոց եւ այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ:
Հրազենային վնասվածք ստացած երիտասարդի հայրը՝ Վահան Օհանյանը եւ եղբայրը՝ Անդրանիկ Օհանյանը նախկինում դատապարտվել են սպանության համար:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները՝ մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանի գլխավորությամբ, Ոստիկանության Վանաձորի քննչական բաժնի քննիչները՝ Լոռու մարզի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում է եղել նաեւ փորձաքրեագետը:
Դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 3 պարկուճ, երկու գնդակ: Բացի այդ, դեպքի վայրից 120 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ 4 փամփուշտով:
Հայտնաբերված զենքը, պարկուճներն ու փամփուշտներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոն, նշանակվել է փորձաքննություն:
Ոստիկանությունը տեղի ունեցածի հետ կապված մի քանի վարկած է առաջ քաշում, սակայն նախաքննության շահերից ելնելով, դրանք չենք հրապարակում: Առաջիկայում NEWS.am-ը ավելի մանրամասն կներակացնի իրավիճակը:
Դեպքի առնչությամբ ՀՀ ոստիկանությանքննչական գլխավոր վարչության Լոռու մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 (սպանություն) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը կամ կրելը) հատկանիշներով:










Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի





























