Իրանի դատարանը հայտնի կինոռեժիսոր Ջաֆար Փանահիին դատապարտել է 6 տարվա ազատազրկման: Բացի այդ, նրան 20 տարով արգելել են ֆիլմեր նկարահանել եւ մեկնել արտերկիր: Այս մասին հայտնում է «Ռոյթերզ» գործակալությունը՝ հղում անելով կինոգործչի փաստաբաններին:

Կաննի, Բեռլինի ու Վենետիկի միջազգային հեղինակավոր կինոփառատոնների հաղթող Փանահին իրանական ընդդիմության ակտիվ աջակիցներից է, որը կասկածի տակ է դնում 2009-ին երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները: Նա մշտապես խիստ քննադատության է ենթարկել նախագահ Մահմուդ Ահմադինեժադին եւ նրան մեղադրել «Իրանի ժողովրդին ստորացնելու եւ իր իշխանությունը պարտադրելու» մեջ:

Այս տարվա մարտի սկզբին Փանահին կալանավորվել է, իսկ մայիսին նրան գրավի դիմաց ազատ են արձակել: Ի պաշտպանություն իրենց գործընկերոջ, հանդես են եկել հայտնի հոլիվուդյան աստղեր ու ռեժիսորներ, որոնց թվում են Մարտին Սկորսեզեն, Սթիվեն Սփիլբերգը եւ Ռոբերտ Դե Նիրոն:

«Փանահին 6 տարվա ազատազրկման է դատապարտվել համակարգի դեմ գործելու եւ քարոզչություն իրականացնելու համար: Նրան նաեւ արգելել են առաջիկա 20 տարում ֆիլմեր նկարահանել, սցենարներ գրել, մեկնել արտերկիր եւ շփվել տեղի եւ արտասահմանյան լրատվամիջոցների հետ»,- ասել է նրա փաստաբան Ֆարիդե Ղեյրաթը: Փանահին ունի 20 օր դատարանի վճիռը բողոքարկելու համար: