«Նոր ուժերի ռուխ» կուսակցության առաջնորդ, Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայի Սաակաշվիլին հայտարարել է,որ չորեքշաբթի գիշերը իրավապահները ցանկացել են իրեն բռնել, սակայն Գերագույն ռադայի մոտ ստեղծված վրանային քաղաքում վրանները շփոթել են, փոխանցում է «Ինտերֆաքս Ուկրաինան»:
«Այսօր գիշերը սադրանք է տեղի ունեցել: Ես ամեն ինչ կանեմ, որ հետագա սադրանքներ չլինեն»,- ասել է նա:
Սաակաշվիլին հաստատել է, որ Գլխավոր դատախազություն չի ներկայանա, սակայն քննիչին պատրաստ է ընդունել վրանային քաղաքում: «Ես ցանկանում եմ հետեւյալը հայտարարել՝ ես ոչ մի «կեղծ գլխավոր դատախազի» չեմ ներկայանա, նա անգրագետ ծույլիկ է, նա օրինական չէ, ես նրան գլխավոր դատախազ չեմ համարում»,- ասել է Սաակաշվիլին՝ ելույթ ունենալով Գերագույն ռադայի դիմացի հրապարակում:
Դրանից զատ, նա հայտարարել է, որ ժամը 18:00-ին Ռադայի մոտ վեչե է հրավիրվում, ցուցարարների հետագա ծրագրերը քննարկելու համար: «Այդ ծրագրերը հստակ են. գլխավորը իշխանությունից հանցավոր խմբավորման հեռացումն է եւ ինփիչմենթ հայտարարելը»,- շեշտել է նա:




























