Ուկրաինայի նախագահը, մեկնաբանելով դեկտեմբերի 5-ի իրադարձությունները՝ կապված Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի հետ, նշել է, որ իրեն ցնցել է  ուժայինների կողմից բացահայտած տեղեկությունը։ Այս մասին նա հայտարարել է Լվովի շրջան կատարած իր աշխատանքային այցի ընթացքում, հաղորդում է «112 Ուկրաինա»-ն։

«Թշնամին դեռեւս խաղադրույք է կատարում, որպեսզի մնա թիկունքում, ներսից պայթեցնի, ապակայունացնի իրավիճակը Ուկրաինայում։ Ես մի անգամ չէ, որ այդ մասին պատմել եմ, որ Մոսկվայում չեն խնայում ոչինչ։ Իսկ փող նրանք շատ ունեն։ Ես մտածում էի՝ ինձ դժվար կլինի զարմացնել, բայց այն ինչ երեկ տեսավ եւ լսեց ողջ երկիրը, ապշեցրեց եւ ցնցեց ինձ»,-ասել է նախագահը։

Նա շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի անվտանգության ծառայությանը եւ Գլխավոր դատախազությանը ազգային շահերի եւ պետականության պաշտպանության հարցում ցուցաբերած պրոֆեսիոնալ աշխատանքի համար։

«Ուրախացնում է, որ ուկրաինացիները մեր ուժայիններից առաջ էին ճանաչել Մոսկվայից ֆինանսավորվող այդ արշավը։ Այդ պատճառով անտեսեցին այդ ճամբարը Գերագույն ռադայի մոտ»,-նշել է նա։

Նա ընդգծեց, որ եւ՛ նախագահը, եւ՛ կառավարությունը հարգում են մարդկանց խաղաղ ցույց անելու իրավունքը։ Այդ իրավունքը, նրա համոզմամբ, պետք է պաշտպանված լինի։

«Մենք դա ցույց տվեցինք վերջին շաբաթվա ընթացքում, չնայած կազմակերպիչները արյան ծարավ էին, հրահրում էին ուժայիններին։ Շատ կարեւոր է, որ նրանք չտրվեցին սադրանքին»,-ասել է նախագահը։

Բանակը ճակատը նրա համար չի հսկում, որ թշնամին զինվի մինչեւ խորը թիկունք։