Թերթը գրում է, որ դեկտեմբերի 19-ին Կրասնոդարի դատապարտյալների հիվանդանոցից Երեւան է տեղափոխվել քրեական աշխարհում հայտնի հեղինակություններից մեկի՝ Կանեւսկոյ Արմենի դին: Ըստ քրեական աշխարհին մոտ կանգնած մեր աղբյուրների՝ նախկին խորհրդային երկրների մի շարք «օրենքով գողեր» ցանկացել են ներկա գտնվել Կանեւսկոյի հուղարկավորության արարողություններին, սակայն չնայած հայաստանյան բազմաթիվ քրեական օլիգարխների թախանձագին խնդրանքներին՝ Հայաստանի նախագահականից թույլ են տվել ներկա գտնվել միայն Մոսկվայից ազգությամբ հայ Կամո Թիֆլիսկիին եւ «Դեդ Հասանի» թոռանը:
Մյուսներին՝ այդ թվում Ռուսաստանում ամենահայտնի օրենքով գող «Դեդ Հասանին», արգելվել է ժամանել Հայաստան: Հիշեցնենք, որ Արմեն Կանեւսկոյը (Արմեն Հարությունյան) 2009-ին դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման եւ շաքարախտով հիվանդ լինելու պատճառով պահվում էր դատապարտյալների հիվանդանոցում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 40-ամյա Արմեն Հարությունյանը մահացել է դեկտեմբերի 18-ին Աստրախանի թիվ 1 հիվանդանոցի վերակենդանացման բաժնում:
2010-ի սկզբից սկսած Արմեն Կանեւսկոյն արդեն թվով 6-րդ «օրենքով գողն» է, ով մահանում է ազատազրկման վայրում:




























